Ուսումնական տարին մոտենում է ավարտին, առջևում առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության գործընթացն է, իսկ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հայտերի ընդունումը արդեն սկսվել է:
Այս երեք թեմաներին այսօր անդրադարձավ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նախ՝ ավարտվող ուստարվա մասին: 5-օրյա աշխատանքային ռեժիմ ունեցող հանրակրթական հաստատություններում վերջին դասը կլինի հունիսի 3-ին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 6-ին:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք ակնկալում ենք, որ այս տարի կունենանք 12-րդ դասարանում շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը կավարտեն 34.500-ից մի փոքր ավելի երեխաներ:
4-րդ դասարանում գիտելիքի ստուգում կանցկացվի հունիսի 10-ին և 13-ին՝ համապատասխանաբար «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից: Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ռուսաց լեզվի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ «Մայրենի լեզու» և «Գրականություն» առարկաներից գիտելիքի ստուգում կկազմակերպվի քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանում կլինի երկու կենտրոնացված քննություն՝ հայոց լեզվից և մաթեմատիկայից, առաջինը՝ հունիսի 28-ին, երկրորդը՝ 30-ին: Հունիսի 8-ից կսկսվեն մյուս քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում:
12-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ավարտական քննությունը նախատեսված է հունիսի 8-ին, հայոց պատմությանը՝ հունիսի 15-ին, մաթեմատիկան՝ հունիսի 22-ին: Միասնական քննությունների օրերը հավանաբար հայտնի կլինեն շաբաթվա վերջին:
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՑ
Ինչ վերաբերում է առաջին դասարան ընդունվող երեխաներին: Առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն: Առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով՝ սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի միջոցով, որը նորություն չէ:
Անդրեասյանը ծնողներին խնդրում է մինչև հայտագրումը ստուգել երեխաների տվյալները. լինում է այնպես, որ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում, և պահանջվում է որոշակի ժամանակահատված ՔԱԿԳԳ կողմից թվայնացման համար: Դա հիմնականում իրականացվում է 3 օրվա ընթացքում, բայց անհրաժեշտ է այս գործընթացը անել stugum.emis.am կայքի միջոցով:
Հայտագրումը կսկսվի հունիսի 21-ից: Նախ` այդ հնարավորությունը կստանան այն երեխաները, որոնք ունեն տվյալ դպրոցում սովորող հարազատ քույր կամ եղբայր, ինչպես նաև այդտեղ աշխատող ծնող: Հուլիսի 6-ից համակարգը բաց կլինի հայերեն ուսուցում իրականացնող դպրոցներ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար: Օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը, հայտագրման գործընթացին կկարողանան միանալ հուլիսի 12-ից: Այս երեք փուլերից հետո համակարգը չի փակվելու ողջ տարվա ընթացքում:
ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, որն այս տարի անցկացվելու է երկրորդ անգամ, բայց՝ որոշակի փոփոխություններով` Անդրեասյանը նշեց, որ կամավոր ատեստավորումը առնվազն 70 տոկոս արդյունքով անցած մեր ուսուցիչները հնարավորություն կունենան ունենալ դրույքաչափի փոփոխություն՝ մեկ դրույքի համար 200 հազար դրամի չափով, այնուհետև դրան կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը:
Հավելավճարը, ինչպես հայտնի է, 5 տարի ժամկետով է, դրանից հետո այդ իրավունքը պետք է վերահաստատել նոր ատեստավորմամբ: Իսկ 200 հազար դրամ դրույքաչափը կպահպանվի անժամկետ:
Հայտերը կընդունվեն մինչև հունիսի 7-ը ներառյալ: Գործընթացը հնարավորինս պարզեցվել է:
Էլեկտրոնային մատյանում ակտիվացել է այն սյունակը, որով ուսուցիչները ուղղակի հնարավորություն են ունենում նշում անել, որ իրենք ցանկանում են մասնակցել կամավոր ատեստավորմանը, և կա մի յուրահատկություն, որ պետք է ընտրեն առարկան:
Կամավոր ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն ուղեցույցները, որտեղ կներկայացվեն թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները: Բուն ատեստավորման գործընթացը կիրականացվի սեպտեմբերին:
Նախնական զինվորական պատրաստություն, ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա՝ այս առարկաները դասավանդող ուսուցիչների, իսկ հաջորդ տարվանից նաև՝ դասվարների ատեստավորումը կլինի տվյալ ուղղությամբ կրթություն տրամադրող բուհերում: «Հայոց պատմություն» դասավանդողները կարող են ընտրել՝ ատեստավորումը լինի թեստայի՞ն, թե՞ գրավոր տարբերակով:
Հեղինակ` Աննա Զախարյան