Արդեն մի քանի տարի է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կենդանիների և բույսերի առողջությամբ զբաղվող միջազգային կառույցները փորձում են համատեղել ջանքերը և համախմբել բոլոր շահագրգիռ ոլորտները «Մեկ առողջություն» սկզբունքի շուրջ, որի շրջանակներում առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Խնդրի կարևորությունը նկատի ունենալով էլ՝ ՀՀ Կառավարությունը, ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում ամրագրել է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր:

Նկատի ունենալով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը բուսասանիտարիան է և կարևորելով այդ ոլորտի դերի բարձրացումն ու դրան ուղղված միջոցառումների մասին հանրային իրազեկումը, տեսչական մարմինը մայիսի 12-ին անցկացրել է իրազեկման մի շարք միջոցառումներ: Դրանք մեկնարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված կլոր սեղանով, որը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հանդիպումն էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ու գիտության, գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն ու Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացրել են տեսչական մարմնի գործառույթներն ու պատասխանել հուզող հարցերին:

Այսօր նաև տեղի է ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

Լրագրողներին ներկայացվել են բույսերի առողջության պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, պետական վերահսկողության առանձնահատկությունները, արված աշխատանքն ու լուծման կարիք ունեցող խնդիրները:
Օրվա երկրորդ կեսին անցկացվել է համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ, ՍԱՏՄ-ի, միջազգային կառույցների, ուսումնական-գիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ: Ինչո՞ւ է բույսերի առողջությունը կարևոր, ինչ խնդիրներ կան այս ոլորտում, և ինչո՞ւ է կարևոր բնագավառի պետական վերահսկողությունը. այս հարցերին է անդրադարձել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
«Բույսերի առողջության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգերի համար, ինչը ոչ միշտ է գիտակցվում բույսեր մշակողների կողմից։ Բույսերին տրվող հավելումները՝ պեստիցիդներն ու թունաքիմիկատները, հաճախ մնում են այդ բույսերի մեջ և շրջակա միջավայրում՝ ստեղծելով լուրջ խնդիրներ մարդկանց ու երկրի համար: Այս երևույթների դեմ պայքարը լրջագույն խնդիր է, որի լուծումը նախևառաջ գյուղացուն, ֆերմերին մշակաբույսեր աճեցնողներին իրազեկելն ու կրթելն է»,- նշել է նա: Ն. Հայրապետյանը նաև անդրադարձել է պետական վերահսկողության միջոցառումներին, դրանց առանձնահատկություններին, ներկայացրել տեսչական մարմնի աշխատանքը՝ երկրում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները բացահայտելու, մեկուսացնելու և վերացնելու ուղղությամբ: