ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և հանձնաժողովի անդամ, սենատոր Ջիմ Ռիչի հետ։ Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը: Շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Միրզոյանը ներկայացրել է այս ուղղությամբ վերջին զարգացումները: Հանդիպման ավարտին Միրզոյանը Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով սենատորը պարգևատրվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցության կարևորությունը։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը և կարողությունների զարգացմանը ուղղված աշխատանքների շարունակականությունը քննարկվել է նաև Միրզոյանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսի հանդիպմանը: Միրզոյանը կարևորել է ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման ոլորտներում բարեփոխումների օրակարգին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Ընդգծվել է նաև՝ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։
ԼՂ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՄԻՐԶՈՅԱՆ-ՄԱՔՔՈՆԵԼ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Միացյալ Նահանգների Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ հանդիպմանը նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Քննարկվել են մանրամասներ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը, որով Մաքքոնելը պարգևատրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան