Արդեն 6-րդ օրը փակ Ֆրանսիայի հրապարակից «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթերն առավոտյան 4 ուղղությամբ շարժվեցին մայրաքաղաքի կենտրոնական տարբեր հատվածներ:
Ընդդիմադիրների օրակարգը չի փոխվել. պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Սա համազգային շարժում է, և յուրաքանչյուրիդ մասնակցությունը պարտադիր է:
Երթերն առաջնորդում էին Հանրապետականները, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները: Այս անգամ անհնազանդության ակցիաների հիմնական նպատակն, իրենց ձևակերպմամբ, իրազեկումն էր: Ցուցարարները կամայական ընտրում էին փողոցներ ու ժամանակավորապես փակում: Մայրաքաղաքի փողոցները երկար ժամանակ փակ չէին մնում:
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 59 ՔԱՂԱՔԱՑԻ
Առանց ոստիկանության հետ բախման իրադարձությունները չանցան: Ոստիկանները տարածքից հեռացրեցին նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն բերման չենթարկեցին: Ժամը 15-ի դրությամբ բաժին էր տարվել 59 քաղաքացի:
Ընդդիմադիրներին չմիացած քաղաքացիների միջև անհանդուրժողականությունը շարունակվում է. կրկին բախում եղավ՝ ցույցին չմիացած քաղաքացիները պահանջում էին բացել ճանապարհը:
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԳՈՐԾԵՐ
Բախումներն անհետևանք չեն մնում: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցվել ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում կատարված խուլիգանության դեպքի առիթով: Իրավապահ կառույցը հայտնում է, որ նախնական տվյալով՝ քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով, բռնություն գործադրելու սպառնալիքներով փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու և արարքին գնահատական տալու ուղղությամբ:
Վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները վնասելու դեպքերի հանգամանքները եւս պարզվում են:
Իսակովի պողոտայում ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր 2 անձ ձերբակալվել է: Մեկն էլ ձերբակալվել է Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքով եւս ձերբակալաված անձ կա:
Քննչական կոմիտեում գործ է հարուցվել, և 2 հոգու մեղադրանք է առաջադրվել Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում ապրիլի 26-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առիթով: Ըստ Քննչական կոմիտեի՝ ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք:
Ընդիմադիրները բոլոր ուղղություններով երթերն ավարտելուց հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:
Ժամը 19:00-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած հանրահավաքը:
Հեղինակ` Անի Օհանյան