Անկլավների հարց այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի քննարկվում, և ընդդիմության հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր կնքելուց հետո անկլավները հանձնելու վտանգ կա, անհիմն է՝ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Մեր հույսն այն է, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը մնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Երկարաժամկետ լուծման տարբերակը սա է:
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում: Գրիգորյանի խոսքով՝ կան հարցեր, որոնց պատասխաններից հետո միայն կքննարկվի երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը:
Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների օրակարգին, որում ներառված է նաև տարածքային ամբողջականության ճանաչումը, միաժամանակ պարզաբանելով Ադրբեջանի՝ 5 և Հայաստանի՝ 6 կետից բաղկացած առաջարկները:
Արմեն Գրիգորյան - Հայաստանի համար անընդունելի կետ այդ 5 կետում չի եղել, Հայաստանը իր 6 կետով առաջարկել է, որ ԼՂ խնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավորություն լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ: Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթը՝ 5+6 կետերը, պետք է միացվեն իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը: Մենք հայտարարել ենք, որ առաջնային է Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելը, և ըստ դրա պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը:
Գրիգորյանի պնդմամբ՝ իշխանության դիրքորոշումը հստակ է՝ պետք է ԼՂ կարգավիճակը որոշվի, և տրվեն ինստիտուցիոնալ երաշխիքներ: