Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակումը՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ խաղաղ բնակիչներին տարհանելու համար գործում են հումանիտար միջանցքներ։
«Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հրամայեց զերծ մնալ գործարանը գրոհելուց․ նոր հրամաններ նա չի տվել, գրոհը չեղարկելու և արդյունաբերական գոտին արգելափակելու վերաբերյալ նախնական որոշումներն ուժի մեջ են»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի հայտարարություններն այն մասին, թե ռուսական զորքերը ներխուժել են գործարան, ինչից հետո ծանր մարտեր են սկսվել։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից Կիևին տրամադրվող հետախուզական տվյալներին։
«Այդ տեղեկատվությունը և արևմտյան զենքի մատակարարումները չեն նպաստում հատուկ գործողության շուտափույթ ավարտին․ դա նաև չի խանգարի Ռուսաստանին՝ իրագործելու իր նպատակները»,- զգուշացրել է Պեսկովը։