Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել բանաձևը, որը կոչ է անում Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել: Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԵՄ-Մոլդովա ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը:
Փաստաթղթում ասվում է, որ պետք է շարունակել աշխատանքը Մոլդովայի՝ ԵՄ միասնական շուկային ինտեգրման և ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Նշվում է նաև, որ Մոլդովան տուժել է հարևան Ուկրաինայում հակամարտությունից. ավելի քան 450 000 ուկրաինացի փախստական է ժամանել հանրապետություն, որոնցից գրեթե 100 000-ը մնացել է Մոլդովայում, բացի դրանից՝ կրճատվել է առևտուրը, աճել են էներգակիրների ու տրանսպորտի գները:
Այդ նպատակով Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին՝ առավել մեծ աջակցություն ցուցաբերել երկրին՝ նոր մակրոֆինանսական օգնության, տրանսպորտի և առևտրի ազատականացման լրացուցիչ միջոցների, ինչպես նաև փախստականների հետ կապված և մարդասիրական նպատակների համար մշտական աջակցության ցուցաբերման միջոցով: