Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից ակցիաներ է իրականացրել Երևանի փողոցներում: Ընդդիմադիր խմբերը քայլերթով անցել են փողոցներով, մասնակի փակել երթևեկությունը: Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանրապետության տարբեր հատվածներում ևս երթեր ու ցույցեր են եղել:
Երևան-Սևան ճանապարհին մի պահ լարված իրավիճակ էր ստեղծվել: Ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին, որ ճանապարհն արդեն բաց է, 8 անձ տեղափոխվել է բաժին: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ Երևանում բոլոր խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է: Ոստիկանությունը փողոցները բացելիս բաժիններ է տեղափոխել 155 քաղաքացու: Բերման ենթարկվածների մեջ էր նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Ոստիկանության հավաստմամբ` բոլորը 3 ժամ անց ազատ են արձակվել:
Բողոքի գործողություններին հետևում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն արձանագրել է, որ Կենտրոնում գործող ցուցարարների խմբերը փողոցը փակում են աղբամաններով ու հեռանում, ինչից հետո, ըստ նրա, ոստիկաններն ու վարորդները բացում են երթևեկությունը:
Իոաննիսյանը նաև տեսանյութ է տեղադրել` նշելով, որ ցուցարարները հայհոյում են իրենց չմիացող քաղաքացիներին և հարվածում մեքենաներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցան բուհերով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց ակցիային: Հյուսիսային համալսարանի ռեկտորին Իշխան Սաղաթելյանը խիստ զգուշացրեց:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Եթե որևէ ուսանողի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի, մյուս անգամ չենք գալու, կանգնենք այստեղ, նայեք՝ զգուշացնում եմ:
Իջեք ու միացեք, քանի որ հակառակ դեպքում Հայաստանն ու Արցախ աշխարհն են «լիկվիդ» մնալու. ԵՊՀ-ի բակում ուսանողներին կոչով դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ հենց ԵՊՀ-ից է 1988 թվականին սկսվել հեղափոխությունը։
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հելեեեք, հելեեեք, Լենդրուշ Խուրշուդյանների ավանդույթը կրկնեք, հակառակ դեպքում` թքեք ձեր երեսին:
Կոչերին արձագանքեց Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. նա ու մի խումբ ուսանողներ միացան ցուցարարներին: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ շատ արագ հասնելու են իրենց առջև դրված խնդրին՝ վարչապետի հրաժարականին: Ընդդիմադիրների՝ ԵՊՀ այցից հետո մի շարք լսարաններում դասերը շարունակվեցին:
Ակցիաները որոշ դեպքերում խաղաղ չեն անցնում, քանի որ բախում է լինում ցուցարարների ու ցուցարարների գործողությունները չսատարող քաղաքացիների միջև: Տեսախցիկներն արձանագրում են թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների կողմից գործադրվող բռնություն:
Ընդդիմության գործողություններին Ազգային ժողովում անդրադարձել է ԱԺ նախագահը: Խոսելով ընդդիմության հետ գործակցության մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է` մոտ 10-15 անգամ գործակցելու առաջարկներ արել է, ուժի մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և յուրաքանչյուր հարց քննարկելու առաջարկը: Միևնույն ժամանակ Սիմոնյանը նկատել է՝ մտավախություն ունի, որ ընդդիմադիր գործընկերները մերժելու են այս օրակարգը, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի, ընդդիմադիրներին ասելիքը ձևակերպված է, համոզված է ԱԺ նախահգահը:
Ալեն Սիմոնյանի խոսքին Ֆրանսիայի հրապարակից արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյան - Երկխոսելու, բանակցելու միայն մեկ օրակարգ կա՝ նրանց հեռանալը, այլ բան չկա խոսելու:
Ընդդիմությունը երեկոյան հավաքվեց. արդեն 3-րդ օրը` փակ Ֆրանսիայի հրապարակում: Ցուցարարներին էր միացել նաև երգչուհի Սիրուշոն:
Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջողները Ֆրանսիայի հրապարակից քայլեցին մայրաքաղաքի փողոցներով ու վերադարձան: Բաղրամյան-Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկը շարունակում է փակ մնալ:
Հեղինակ` Անի Օհանյան