«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է
Ազգային ժողովի հերթական նիստում շարունակվեց դատախազության տարեկան հաղորդման քննարկումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղպայմանագրից» Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչ փուլում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության քրեական գործը: Դատախազը հիշեցրեց՝ իր որոշմամբ վերացվել է կազմակերպիչների վերաբերյալ որոշումն, ու վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Քրեական գործով, իսկապես, մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով: Վստահորեն կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ, և անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են՝ այդ քրեական գործով բացահայտում և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԻՆ
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազն անդրադարձավ նաև մարտի 1-ի քրեական գործին: Նշեց՝ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ ներկայացված բողոքը:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում մենք ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի այնպիսի սահմանադրությանը համապատասխան մեկնաբանությունը, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործը գտնվում է նախաքննության փուլում: Արթուր Դավթյանը հայտնեց՝ նախաքննական մարմինն այս մասով արդյունքներ դեռ չունի, հավելեց՝ արվում է առավելագույնը բացահայտումներ անելու համար:
ՄԻՊ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումն ի գիտություն ընդունելուց հետո խորհրդարանն անցավ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկմանը: Քրիստիննե Գրիգորյանը խորհրդարան էր եկել նախկին պաշտպան Արման Թաթոյանի զեկույցով: 2021 թվականի ընթացքում պաշտպանի աշխատակազմը ինտենսիվ աշխատել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերի հավաքման և դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու ուղղությամբ:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Գերիների ու պահվող քաղաքացիական անձանց չվերադարձման, նրանց թվի խեղաթյուրման, հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով իրականացվող արհեստական դատավարություններ կազմակերպելու և տիրաժավորելու ադրբեջանական գործելակերպերը մանրամասն վերլուծված են հաղորդմամբ:
Նախկին պաշտպանը զեկույցում նշել է դեպքեր, որոնք պարունակել են իր գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ:
Քրիստիննե Գրիգորյան - Դրանցից մեկն իր հասցեին՝ պաշտպանի հասցեին, գործունեության իրականացման կապակցությամբ, գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության և վիրավորանքի, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումն է եղել: Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների հիման վրա վեր է հանվել, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը առավելագույնս անտեսել է պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ և գործել է առավելապես պաշտպանի գործունեության անտեսման սկզբունքով:
Հարցուպատասխանի փուլում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց Երևանում ընթացող ակցիաների ժամանակ փաստաբանների կողմից մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ։ Պաշտպանը նշեց՝ դրանք մասնավոր դեպքեր են, և խոչընդոտողները հանրությանը հայտնի փաստաբաններ չեն եղել:
Քրիստիննե Գրիգորյան - Փաստաբանները բազմաթիվ անձանց, բերման ենթարկված անձանց տվյալ բաժանմունքում հատուկ կոչ են արել ոչինչ չասել պաշտպանի ներկայացուցիչներին, չխոսել նրանց հետ՝ նշելով, որ իրենք են նրանց ներկայացնում:
Պաշտպանի հաղորդումը ևս խորհրդարանն ընդունեց ի գիտություն ու սպառեց օրակարգը: Նիստի ավարտին էլ հայտարարվեց՝ անցկացված փակ և գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 «կողմ» ձայնով Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան