Վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության առաջնորդները փորձում են պաշտպանել տարիների ընթացքում թալանած միջոցները: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի դիտարկումն է: Օգտվելով դատախազության տարեկան հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան եկած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությունից, պատգամավորը իրավապահ համակարգին կոչ արեց՝ փողոցում գտնվող քաղաքացիների խմբին թույլ չտալ խախտել օրենքը:
Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Թալանչիները ոտքի են կանգնել, որովհետև վտանգ է սպառնում: Մի բան է, երբ իշխանությունը բռնազավթված է, հասարակությունը համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է խորհրդարան և ընդվզում է, մի բան է, երբ որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են տապալել ու զավթել իշխանությունը: Այդ ժամանակ անհնազանդություն չի սա:
Խաչատրյանն ընդգծեց՝ այսօր ակցիայի շրջանակում փողոցներ են փակվել կասկածելի ճանապարհով հարստացած անձանց պատկանող ընկերությունների բեռնատարներով:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մենք ենք մեղավոր: Ժամանակին, թե՛ ընկերությունները, թե՛ հայտնի շոու-բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին:
Շարունակելով քննարկումը՝ «Քաղպայմանագրից» Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ բեռնատարներն ու բետոնախառնիչները պատկանում են նախկին փոխնախարարներից մեկի ընկերությանը, հարց տվեց, թե ինչպե՞ս է 500 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարը դարձել շինարարական ընկերության սեփականատեր:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա մի յուրատեսակ ցուցադրություն է, սիրելի՛ քաղաքացիներ, թե ինչի համար են իրենք պայքարում: Այսինքն՝ բերել այն գույքը, որը դուք մեզնից պահանջում եք պետականացնել, բերել այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Ինձ նաև հետաքրքիր է, օրինակ, այդ փոխնախարարն անձամբ անցնո՞ւմ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով, թե՞ չէ: Որովհետև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարը, եթե նման շինարարական ընկերության տեր է դարձել, ինձ թվում է՝ այդտեղ ինչ-որ մի բան ամեն դեպքում կա:
Ակցիայի կազմակերպիչների շարքում են նաև Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու խորհրդարանի երկու խմբակցության պատգամավորներ, որոնք պարտավորություններ են ստանձնել, որպես օրենսդիր՝ նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով՝ ընդդիմադիր գործընկերներին հրավիրել է հանդիպելու Ֆրանսիայի Սենատից ժամանած պատվիրակությանը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պարոն Վարդևանյանն ընդհանրապես անտեսել է գրածս, պարոն Մամիջանյանին ասել եմ հետևյալը՝ գալիս է Ֆրանսիայի Սենատի պատվիրակություն, որը ներառում է բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչներին: Բոլոր քաղաքական խմբերի, ովքեր միաձայն ընդունել են բանաձև Արցախը ճանաչելու վերաբերյալ: Ասել եմ՝ պարոն Մամիջանյան, նախատեսո՞ւմ եք հանդիպել: Իրենք ցանկություն են հայտնել հանդիպելու նաև ընդդիմության հետ: Պատասխանը՝ ոչ: Մերժել են հանդիպումները: Եվ այսօր այդ պատվիրակությունը Էջմիածին՝ Վեհափառի և քաղաքապետի հետ հանդիպելու հետ կապված բախվել է ձեր բեռնատարներին, որոնք խոչընդոտել են այդ պատվիրակության այցն Էջմիածին:
Թեմայի քննարկման ավարտին կառավարող խմբակցության ներկայացուցիչներն արձանագրեցին՝ թեև ընդդիմադիր ուժերը հավաքի կազմակերպման համար մեծ ֆինանսական միջոցներ են ծախսում, մայիսի 3-ին տեղի ունեցած ակցիաներին մասնակցել է 4-5 հազար հոգի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան