Տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, ոսկերչություն, զբոսաշրջություն և ավիափոխադրումներ։ Սրանք այն ուղղություններն են, որոնք «էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը քննարկել է Հնդկաստանի ազգային ներդրումային գործակալության հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստան այցի շրջանակում նաև տնտեսական հարցեր է քննարկել։
Երկու երկրներում առկա է տնտեսական գործակցության չիրացված ներուժ, որի լիարժեք իրագործման համար երկրների ներդրումային ազգային կառույցները դեռևս 2021 թվականին առցանց ձևաչափով հուշագիր էին ստորագրել, իսկ արդեն պաշտոնական հանդիպման շրջանակում առավել կոնկրետ հստակեցվեց կառույցների միջև գործակցության օրակարգը։
Հանդիպումը արդյունավետ էր՝ նշում է Լևոն Օհանեսյանը։
Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - Թիմերը մեր կաշխատեն, և դրա հիման վրա մենք կմշակենք որևիցե ֆորմատով գործարարների միջև որևիցե ֆորմատով համագործակցություն:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախանշել երկու երկրների հետաքրքրությունների շրջանակը. համաձայնություն ձեռք բերվեց հնդիկ ներդրողների այց կազմակերպել Հայաստան` տեղում գործարար հնարավորություններին ծանոթանալու համար։
Դիպակ Բագլա (Հնդկաստանի ազգային ներդրումային գործակալության գործադիր տնօրեն) - Կարծում եմ` երկու երկրներն էլ հետաքրքրված են գործակցության ակտիվացմամբ: Անհրաժեշտ է ընդլայնել ներդրումները հատկապես ՏՏ ոլորտի ստարտափներում, մեդիայում, կրթությունում, գյուղատնտեսությունում: Ժամանակն է, որ հայկական և հնդկական ընկերությունները երկխոսեն և փորձեն գտնել գործակցության նոր հնարավորություններ: Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները յուրահատուկ են և չափազանց կարևոր մեզ համար: Այդ պատճառով ակնկալում ենք գործակցության սերտացում:
Լևոն Օհանեսյանը Հնդկաստանի գործընկերոջը հրավիրեց Հայաստան, ինչը դրական արձագանք ստացավ։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան