Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, կառավարության նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Այսօր չկա որևէ փաստաթուղթ՝ ո՛չ սևագիր, ո՛չ քննարկման, որում արծարծվում է ղարաբաղյան խնդիրը՝ կարգավիճակի թե անվտանգության առումով: Ցանկացած փաստաթուղթ քննարկելուց առաջ կամ, ընդհանուր առմամբ, փաստաթղթի օրինակը կազմելուց առաջ ՀՀ իշխանությունները պարտադիր մեր կարծիքը հաշվի են առնելու և առանց մեզ որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու:
Միակ փաստաթուղթը, որով այսօր առաջնորդվում են հայկական և ադրբեջանական կողմերը հակամարտության գոտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն է: Նոր փաստաթուղթ քննարկելիս Երևանը հաշվի կառնի Ստեփանակերտի դիրքորոշումը, հավաստիացրեց նախագահը:
Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետը Կառավարության վերջին նիստի իր ելույթում ներկայացրել է այն տեսակետը, որը մենք ձեռք ենք բերել այդ հանդիպումների ժամանակ՝ տարբեր ձևաչափերով, որ Ղարաբաղի հետ կապված ցանկացած խնդիր, ցանկացած քննարկում պետք է ընդունվեն որոշման տեսքով կամ, ընդհանուր առմամբ, քննարկման համար նյութ՝ որպես փաստաթուղթ, Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով:
Օրակարգային մի շարք հարցեր քննարկելուց հետո կառավարության նիստում Արցախի ղեկավարը հանձնարարել է ուժեղացնել ծախսերի հսկողությունը, բայց չթուլացնել բնակարանաշինության տեմպերը:
Հետպատերազմական ծրագրերով պայմանավորված՝ Հայաստանի և Արցախի կառավարությունները կբարձրացնեն գործակցության արդյունավետությունը: Առաջիկայում Արցախի գործադիրի անդամները կլինեն Երևանում:
Հեղինակ` Նարեկ Սահակյան