Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հավանական է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ըստ ֆիրմայի մամուլի հաղորդագրության՝ ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը:
Ռուբլով վճարումը հավանական է համարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռիչարդ Սուլիկը: Նա հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները երկիր չեն կարող դադարեցվել, ուստի եթե Ռուսաստանը ռուբլով վճարելու պայման դնի, դա պետք է ընդունել։ Սուլիկը հիշեցրել է, որ Սլովակիան գնում է Ռուսաստանից իրեն անհրաժեշտ գազի մոտ 85 տոկոսը։
Ռուսական գազից ամբողջությամբ առայժմ հրաժարվել է Լիտվան՝ հայտարարելով, որ Կլայպեդայի հեղուկ բնական գազի տերմինալը բավարարում է երկրի վառելիքի պահանջարկը։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի ոչ բարեկամ երկրներին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլու փոխակերպելու որոշման մասին։
Եվրոպական երկրները դեռ չեն կարողացել միասնական դիրքորոշման գալ թե՛ ռուբլով վճարման, թե՛ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից հրաժարվելու հարցում։
Միաժամանակ Եվրոպայում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանից ածխի, նավթի կամ գազի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը։ Financial Times-ը, հղում անելով անանուն դիվանագետին, հայտնում է, որ Եվրամիության ներկայացուցիչները պլանավորում են չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին, քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։