ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կարևորվում են պետական, մասնավորապես՝ Կառավարության պարտքի կառավարման հետ կապված հարցերը:
Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին անհրաժեշտություն է լինելու ներգրավել փոխառու միջոցներ, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, տնտեսության կարևոր ճյուղերում՝ բարձրացնելով տնտեսական աճի պոտենցիալը:
«Չենք պատրաստվում ու չենք կարծում, որ պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել: Պարտք պետք է վերցնել միայն, երբ դրա անհրաժեշտությունը հստակ է, և վերադարձման կարողություններն առկա են: Այսինքն՝ մենք միշտ մեր հնարավորությունները պետք է համադրենք այն պարտքի ներգրավման որոշումների հետ, որոնք վերաբերում են մեր ընթացիկ անելիքներին: Հենց այդպես էլ կայացնում ենք որոշումները: Ոչ միայն պրոֆեսիոնալ գնահատականներ են դրված ամբողջ սցենարի հիմքում, այլև մենք դիմում ենք միջազգային ամենաբարձր հեղինակությամբ կառույցներին, պատմում ենք՝ ինչ ենք նախատեսում և լսում՝ ինչ են կարծում իրենք»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը 2021-2026 թվականների համար ընտրել է պարտքի կառավարման հստակ ռազմավարություն:
«2020 թվականը առանձնահատուկ դժվարին տարի էր. 2 մարտահրավեր, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել թե՛ բյուջեի կատարման, թե՛ պարտքի որոշակի ավելացման տեսանկյունից: Տարին ամփոփել էինք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պարտքի ցուցանիշով: 2021 թվականն ամփոփեցինք ՀՆԱ-ի նկատմամբ 60.3 տոկոս պարտք ցուցանիշով, որն զգալի բարելավում է»,- ասաց Խաչատրյանը: