Տնտեսական նոր ցուցանիշներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն. տնտեսական ակտիվության ցուցանիշի 12 տոկոս աճ՝ հունվար-փետրվարին: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 52.4 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 40.1, իսկ ներմուծումը՝ 60.2 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 20.1, առևտրի շրջանառությունը՝ 8.2, շինարարությունը՝ 4.9 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 21.9 տոկոսով: Սպառողական գնաճը 6.8 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 10.7:
Մերի Բոյաջյան (տնտեսագետ) - Տնտեսության բոլոր ճյուղերում է աճ արձանագրվել, սակայն ավելի մեծ աճ է արձանագրվել ծառայությունների և առևտրի շրջանառության ոլորտում: Սա մեծ մասամբ պայմանավորված է երկու հակամարտող երկրներից զգալի հոսքերի ավելացմամբ, մասնավորապես, մեծացել է և՛ սպառման մակարդակը, և՛, բնականաբար, ծառայությունների նկատմամբ է մեծացել պահանջարկը:
Տնտեսագետ Մերի Բոյաջյանը նշում է՝ արտահանման տեմպերը բավականին բարձր են, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակից Հայաստանը անմասն չի մնա և մարտի տվյալներն արդեն ավելի նվազ կլինեն:
Մերի Բոյաջյան - Ռուսաստանը հանդիսանում է մեր հիմնական գործընկերը, և արտահանման ծավալների զգալի մասը ուղղվում է դեպի Ռուսաստան, այս առումով որոշակի խոչընդոտներ հնարավոր է լինեն առաջիկայում:
Հայաստանը հիմնականում արտահանում է հանքահումքային և գյուղատնտեսական արտադրանք, նշում է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: Ըստ նրա՝ տնտեսվարողները տարվա առաջին 2 ամսում էապես զգացել են արտահանման աճը:
Րաֆֆի Մխչյան (Արտահանողների միության նախագահ) - Մեր ցանկացած բարիք, մեր ցանկացած ստեղծած մի իր, մի գյուղատնտեսական պտուղ, մենք երբ որ կարողանում ենք դա արտարժույթի վերածել, դա ամենահզոր, ամենալավ գործն է, որը կարող ենք անել մեր տնտեսության համար:
Արտահանման տեմպերը տարվա ընթացքում կարող են նույն կերպ շարունակվել, սակայն ռուբլու փոխարժեքը և Ուկրաինայի իրավիճակն այս պահին որոշակի խնդիրներ են ստեղծել՝ ընդգծում է Րաֆֆի Մխչյանը:
Րաֆֆի Մխչյան - Ոլորտը շատ ուղիղ համեմատության մեջ է արտաքին աշխարհի իրավիճակների հետ, եթե այսօր արտաքին աշխարհում լինի խաղաղ իրավիճակ, չլինի կորոնա, չլինեն ուրիշ պրոբլեմներ, ինքնաբերաբար էդ ոլորտը կաճի, որովհետև մեր արտադրողները պրպտող են և անընդհատ փորձում են նոր շուկաներ գտնել:
Միայն փետրվարին՝ 2021-ի փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 9 տոկոս:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան