Ամեն տարի մարտի կեսին Հայաստան են այցելում Իրանի բազմաթիվ քաղաքացիներ՝ տոնելու Նովրուզը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն այս օրերին իրանցիների մեծ հոսք է ակնկալում:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Մոտ 30 թռիչք նախատեսված է, որից 24-ը զբոսաշրջիկներ բերելու:
Վերջին օրերի առատ տեղումները, սակայն, դժվարություններ են ստեղծել ցամաքային ճանապարհով Հայասստան եկող զբոսաշրջիկների համար։
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին կարողանան տեղավորել հյուրանոցներում, մինչև ճանապարհները բացվեն։
Խոսակցություններ կան, որ Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ հոսքի պայմաններում Երևանի հյուրանոցներում ասեղ գցելու տեղ չկա: Հյուրանոցներում տեղեր կան և իրանցիների օթևանի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՝ ասում Մեխակ Ապրեսյանը: Գներն էլ, ի տարբերություն վարձով տրվող բնակարանների, չեն բարձրացել:
Մեխակ Ապրեսյան - Մեզ մոտ հյուրանոցների գները մնացել են նույնը:
Երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում: Նախատեսվում է այս տարի կազմակերպել հայ-իրանական խոհանոցային փառատոն:
Մեխակ Ապրեսյան - Սա շատ կարևոր է. այսպես մրցունակ, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքով աշխարհին ներկայանալը և հայտ ներկայացնելը: Սա պետք է դառնա միջազգային նշանակության կարևոր իրադարձություններից:
2021 թվականին Հայաստան է ժամանել Իրանի 95 հազար քաղաքացի: Դա ընդհանուր զբոսաշրջային այցելությունների 11 տոկոսն է: Դա ոգևորող է, սակայն 2019 թվականի ռեկորդային ցուցանիշներին դեռ չենք հասել՝ ասում է Մեխակ Ապրեսյանը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան