Հայաստանից մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու համար առաջարկվում է հանել մաքսատուրք վճարելու պահանջը: Պետական տուրքի մասին օրենքում փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացրել Կառավարությունը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց՝ կարգավորման գաղափարի հեղինակը խելացի դրամապանակ արտադրող ընկերություն է:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այս և բազմաթիվ այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է գերազանցել նույնիսկ ապրանքի արժեքը: Նաև շատ ժամանակ է խլում:
Առաջարկվող փոփոխությամբ՝ տուրքից կազատվեն նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի սահմանով տեղափոխվող՝ ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները: Քերոբյանի խոսքով՝ կարգավորումից կօգտվեն հատկապես փոքր տնտեսվարողները:
Վահան Քերոբյան - Մեր նպատակն է, որպեսզի մեր փոքր ընկերությունները սկսեն աշխատել ամբողջ աշխարհի վրա: Եվ մենք պետք է ուղղակի այդ արգելքները, խոչընդոտներն իրենց ճանապարհից վերացնենք, որպեսզի այդ առևտուրը դառնա ինչքան հնարավոր է անկաշկանդ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց՝ արդյոք մաքսատուրքից ազատման դեպքում չի՞ տուժի պետական բյուջեն:
Հռիփսիմե Ստամբուլյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Պետբյուջեի եկամուտներից հիմնավորման մեջ նշված է, որ 106.35 միլիոնով նվազում է լինելու:
Վահան Քերոբյան - Այո, կունենա բացասական ազդեցություն, բայց, միևնույն ժամանակ, մենք ենթադրում ենք, իհարկե, հիմնավորումների մեջ դրա մասին չենք գրել, որ մենք կունենանք նաև շատ մեծ դրական ազդեցություն փոքր արտահանումների ծավալի կտրուկ աճի մեջ:
Օրենքի նախագիծը հանձնաժողովում հավանություն ստացավ 6 կողմ, 1 ձեռնպահ ձայնով: Այն ուժի մեջ կմտնի խորհրդարանում ամբողջությամբ ընդունվելուց և պաշտոնական հրապարակումից 1 ամիս անց:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ. ՆԱԽԱԳԻԾ
Գործադիրի ներկայացրած մեկ այլ օրինագծով էլ՝ փոփոխություն և լրացում է նախատեսվում հարկային օրենսգրքում: Առաջարկվում է 1000 խոշոր հարկատուների ցանկում այլևս չներառել պետական կառույցներն ու համայնքային կառավարչական մարմինները: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը նշեց՝ դրանք բիզնես տեսանկյունից որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում:
Արթուր Մանուկյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ) - 1000 խոշոր հարկատուների վերջին ցանկում 36 սուբյեկտներ են ներառված, որոնք, ըստ էության, որևէ մեկին հետաքրքրություն չեն ներկայացնում՝ դրսի բիզնեսմենին, ներսի բիզնեսմենին: Իրենց համար ավելի շատ բիզնես աշխարհն է հետաքրքիր: Եվ, օրինակ՝ 36 տնտեսավարող սուբյեկտ կհայտնվեին այնտեղ և իրենց վճարած հարկերի մասին տեղեկատվությունը ևս կհանրայնանար»:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ միաձայն: Օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո կարգավորմանը կհամապատասխանեցվեն նաև 1000 խոշոր հարկատուների արդեն իսկ հրապարակված ցանկերը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան