Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն եմ հայտնել հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատել հայ-շվեդական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև երկկողմ ֆինանսավորման նոր հնարավորության շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով Շվեդիայի հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներով։
Գործընկերներին եմ ներկայացրել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքը և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հակիրճ խոսել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերից՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում արդեն իսկ մեկնարկած ծրագրերին և պարոն Սվենսոնին խնդրել այս ոլորտում փորձի փոխանակում կազմակերպել։
Խոսել ենք նաև հանքարդյունաբերության, կոշտ թափոնների և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների մասին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ենք շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը Հայաստանում։
Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը՝ արձանագրելով վերամշակման համընդհանուր համակարգի բացակայությունը։
Երկրում էներգետիկ կախվածությունը ատոմային էներգիայից նվազեցնելու նպատակով SIDA-ն օժանդակություն է ցուցաբերում մի շարք էներգախնայող ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում է E5P (Էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանության արևելաեվրոպական գործընկերություն) հիմնադրամի միջոցով։
Ծրագրեր են իրականացվում նաև թափոնների կառավարման բարելավման և քաղաքային էներգաարդյունավետ լուսավորման ուղղությամբ։ Երևան քաղաքում մեկնարկել է նաև էկոլոգիապես անվտանգ ավտոբուսների ներդրման ծրագիրը։
Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի վարչապետի և Քենիայի Հանրապետության նախագահի անունից ինձ է փոխանցել Ստոկհոլմում կայանալիք ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակի առթիվ «Ստոկհոլմ+50» մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցության հրավերը։
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատել ենք փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը»,- նշված է գրառման մեջ: