Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայկական համայնքի հետ, որպեսզի ապահովվի վերջիններիս անվտանգություն՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Մեր համայնքի ցանկացած ներկայացուցիչ, որը պատրաստ է և ցանկություն ունի լքելու տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են վերադառնալու Հայաստան, և Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն առավել հեշտ տեղի ունենա:
Պատգամավորը չի հերքում՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ռուս-ուկրաինական հակամարտությունը ռիսկեր է առաջացրել: Սակայն վստահեցնում է՝ Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի տուժած և Ուկրաինան լքած Հայաստանի քաղաքացիները համապատասխան օգնություն ստանան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Որոշ տվյալներով՝ օրը 6000 ՌԴ-ի ու մի քիչ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան ու բերում ռուբլի, դա փորձում են փոխանակել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարադրամի արտահոսք չլինի:
Ընդդիմադիր պատգամավորին անհանգստացնում է Հայաստանում հացահատիկի պաշարների հնարավոր պակասը: Վահե Հակոբյանը հիշեցնում է, որ մեր երկրի հացահատիկի մեծ մասը ներկրվում է ՌԴ-ից, և եթե ՌԴ-ն արտահանման արգելք կիրառի, Հայաստանը խնդրի առաջ կկանգնի: Այս համատեքստում նա անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կոչին:
Վահե Հակոբյան - Ինչպես հնչեց Կառավարության նիստին, թե ով 3000 հա հող ունի, թող ցորեն ցանի: Մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել ու ստանալ ցորեն:
«Պատիվ ունեմ»-ի ներկացուցիչն էլ առաջնային է համարում Ուկրաինայում հայ համայքի անվտանգությունը: Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին հրավիրել են խորհրդարան՝ Ուկրաինայում հայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկելու:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Որևէ կերպ չեմ տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր հայրենակիցների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխումն ապահովելու համար: ԱԳՆ-ն իր վրա վերցրեց այդ գործառույթի պատասխանատվությունը:
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում չշրջանցվեց նաև Արցախի խնդիրը: Ընդդիմությունը շարունակեց պնդել՝ գործող իշխանությունը հանձնել է Արցախը: Բանակցելն ու հանձնելը նո՞ւյնն է՝ հարցին իշխանության ներկայացուցիչը պատասխանեց.
Վահագն Ալեքսանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 30 տարի նախորդ իշխանությունները գնացել բանակցել են և խոստացել, որ հանձնելու են Արցախի հողերը, և այդ խոստումներին զուգահեռ ոչ մի բան չեն արել բանակը հզորացնելու համար, երկիրը թաթախել են կոռուպցիայի մեջ, հնարավոր ամենամեծ արտագաղթն են կազմակերպել: Մեր կառավարման շրջանում Ադրբեջանի հետ ռազմական բալանսը փոխվել է անասելիորեն, բայց հո չե՞նք հանձնել: Եթե այս տրամաբանությամբ գնանք, այո, նույնը չէ, բայց արդյոք մեկը մյուսի հետևանքը չէ՞:
Կառավարող ուժի պատգամավորները շեշտեցին՝ ընդդիմության ցանկացած մեղադրանք, որն իրենք անհիմն են համարում, ստանալու է համարժեք պատասխան:
Հեղինակ՝ Անի Օհանյան