Երևանի մի քանի հասցեում դեռ 2020 թ. ձեռք բերված շչակներն են փորձարկում: Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով ստեղծվել է հանձնաժողով. այսօր առաջին 4 հասցեում են:
Հարություն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ) - Մենք ունենք Սովետական Միությունից որոշակի շչակներ, որոնք բավարար չեն Երևան քաղաքի ձայնածածկույթը ապահովելու համար, և դրա համար էլ քաղաքապետարանը, իրացնելով իր լիազորությունները, նախաձեռնել է որոշակի քանակի շչակների գնում, որոնք էլ ամբողջությամբ կապահովեն քաղաքի բնակչության ազդարարումը:
Այս ամենը նախաձեռնվեց դեռ պատերազմի ընթացքում, ձեռք բերվեց 100 նոր շչակ, որոնք, սակայն, առաջին անգամ այսօր են փորձարկվում: Փորձագետների դիտարկմամբ՝ շչակների ձեռքբերման կարիք էլի կա: Գնվելու է ևս 10, ու դա եղածի հետ միասին բավարար է լինելու, որ ապահովի ամբողջական ձայնածածկույթը:
Ստուգեցին, արձանագրեցին՝ նոր գնված շչակների ձայնի հզորությունը համապատասխանում է նորմերին, բայց եթե հնարավոր լինի մի քիչ էլ ավելացնել հզորությունը, ավելի լավ կլինի: Դեռ հանձնաժողովում մասնագետների հետ քննարկելու են:
Այսպես փորձարկելու են բոլորը: Վերջին անգամ նմանատիպ փորձարկում 2020 թ. են արել և հենց այդ ժամանակ էլ արձանագրել՝ 100 նոր շչակի կարիք կա: Իսկ դրանից առաջ կոնկրետ չեն հիշում փորձարկումների տարեթվերը:
Իսկ առաջին ստուգումները հարթ չանցան: 4 հասցեներից մեկում, պարզվեց՝ դեռ հոսանքին միացումները արված չեն, հետևաբար ձայնն էլ փորձարկել հնարավոր չէր: Մեկ այլ հասցեում՝ Ազգային գրադարանում, տեղադրված ազդանշանը տարիներ առաջ հենց գրադարանն է սեփական նախաձեռնությամբ ձեռք բերել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից մեկ հպումով կապահովվի ամբողջ Երևան քաղաքի ձայնածածկույթը, հնարավոր է նաև՝ մաս-մաս:
Հիշեցնենք՝ շչակների ձայնը 2 տեսակ է լինում՝ «օդային տագնապ» և «ուշադրություն բոլորին»:
«Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում պետք միացնեք հասանելի լրատվական միջոցները և լսեք՝ պետությունը ի՛նչ է ասում, ի՛նչ վտանգ կա:
Իսկ «օդային տագնապ» ազդանշանի դեպքում պետք է արագ պատսպարվել: Որտե՞ղ հարցին քաղաքացիական պաշտպանության բաժնի պետը նշում է՝ անցումներ, մետրոպոլիտեն, թունելներ, նկուղներ: Երևանում պատսպարվելու ծավալը բավարար է, բարեկարգ լինելու խնդիրն է հրատապ:
Քաղաքապետի ուղիղ հանձնարարականով այս տարի դրված է խնդիր՝ մաքրել բազմաբնակարան շենքերի բոլոր նկուղները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան