Նոր հասցե՝ զբոսաշրջության քարտեզին: Հայտ է ներկայացրել շատերին անհայտ Չինչին գյուղը՝ կուսական բնությամբ, սրտաբաց բնակիչներով: Բերդ խոշորացված համայնքի փոքր գյուղի մեծ հեռանկարը բացահայտվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ ՌԴ ֆինանսավորմամբ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարության հետ իրականացված «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի օգնությամբ․ իր տեսակի մեջ առաջինը ոչ միայն Տավուշում, այլև՝ Հայաստանում: 2018-19 թթ․ նախ հիմնովին վերակառուցվեց գյուղի ավերված նախկին մշակույթի տունը՝ բացօթյա դահլիճով, որպես տուրիստական կենտրոն, դրա շուրջ էլ ծավալվեցին հետագա գործողությունները: Ըստ հյուրատնային նախագծի՝ տրամադրվել է 4 տնակ:
Կարեն Դարբինյան (Բերդ համայնքի Չինչին գյուղի վարչական ղեկավար) - Այդ հյուրատները պատրաստի տեղադրում ենք գյուղացու բակում կամ տնամերձ հողատարածքում, որտեղ ավելի հարմար է, և այդ սպասարկման աշխատանքները կատարում է տվյալ ընտանիքը: Այս պահին ունենք պատրաստի 3 քոթեջ: Կենտրոնից ընդամենը 50-100 մ հեռավորության վրա են տեղադրված այդ քոթեջները:
Տնակներից մեկը Սուրեն Գյոզալյանի տնամերձում է: Հյուրատունը գրեթե պատրաստ է, գործի շատն արվել, քիչն է մնացել, բայց այս նոր ոլորտում մտածում է ոչ թե օգուտները հաշվելու, այլ՝ մեծ աշխարհի իրենց անկյունը ճանաչելի դարձնելու մասին:
Սուրեն Գյոզալյան (Բերդ համայնքի Չինչին գյուղի բնակիչ) - Թե՛ օտարերկրացիներին, թե՛ այն մարդկանց, ովքեր երբեք չեն եղել Չինչին գյուղում, ցանկանում ենք ծանոթացնել, որպեսզի իմանան Չինչին գյուղի հյուրասիրությունը, համն ու հոտը, ավանդույթները:
Կարեն Դարբինյանի խոսքով՝ գյուղացիների սկզբի թերահավատությունը նահանջեց, երբ 2021-ի ամռանը առաջին հյուրատունը պատրաստ լինելուն պես առաջին հյուրերը չուշացան: Թեև համավարակը և պատերազմը գործընթացը հետաձգեցին, բայց հիմա հյուրատների շինարարությունը թափ է առնում:
Կարեն Դարբինյան - Արդեն հեռանկարները լիարժեք պատկերացնում ենք, գյուղացիները նույնպես համոզված են, որ աշխատող բիզնես է, և իրենք էլ իրենց միջոցներից են հատկացնում: Այս պահին անհատ մարդիկ իրենց տնամերձ հողամասերում տարբեր շինություններ են վերանորոգում և կառուցում հյուրատներ:
Ոսկանը նրանցից մեկն է: Մինչև ամառ հյուրատան շինարարությունը կավարտի:
Ոսկան Ղևոնդյան (Բերդ համայնքի ՉԻնչին գյուղի բնակիչ) - Ակնկալիքը մեր ձեռքն է, եթե լավ ներկայացնենք, լավ հարմարություններ սարքենք, ակնկալիքն էլ կլինի:
Սահմանամերձ գյուղերի կյանքի բարելավումը չպետք է լինի միայն սահմանին ապրողների գործը՝ ասում է Չինչինի վարչական ղեկավարը, իսկ դրան կարող են նպաստել նաև այսկերպ:
Կարեն Դարբինյան - Տարեկան ընդամենը 2-3 օր, ցանկալի է՝ ընտանիքներով, գան, հանգստանան, իրենք իրենց լուման ներդնեն այդպիսով մեր այս ծրագրերին, շփվեն մեր գյուղացիների հետ, ապրեն մի քանի օր գյուղական կյանքով:
Ասաց, որ չնայած հունվարյան ցրտին՝ զբոսաշրջիկներ են եկել գյուղ: