Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին հին նմուշի անձնագրի տրամադրման կարգի փոփոխություններն այս տարվա հունվարի 14-ից ուժի մեջ են մտել:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ) - Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն վավեր նույնականացման քարտեր, նրանց անձնագրերը տրամադրվում են 10 տարի ժամկետով: Իսկ ովքեր չունեն և չեն դիմում նույնականացման քարտ ստանալու, նրանց անձնագրերը կտրամադրվեն երկու տարի ժամկետով:
Անձնագրային և վիզաների վարչության պետն ընդգծում է՝ իրականացված փոփոխությունների նպատակը ամբողջությամբ անցումն է կենսաչափական անձնագրերի կիրառմանը, ինչպես զարգացած մի շարք երկրներում է: Եթե համակարգն ամբողջովին ներդրվի, քաղաքացին կունենա մեկ ներքին անձնագիր՝ նույնականացման քարտ, որով Հայաստանի տարածքում կիրականացնի բոլոր գործողությունները, և մեկ անձնագիր, որով կարող է ճամփորդել: Երկուսն էլ համարվելու են կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր:
Արա Մկրտչյան - Կառավարության կոնցեպտն է, որ թվային ծառայությունները պետք է առավել արագ տեմպերով և մեծ ծավալով զարգանան. կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի ներդրումը ամբողջությամբ ներառվում է հենց այդ կոնցեպտի մեջ:
Հայաստանի Հանրապետության՝ 16 տարին լրացած արական սեռի անձանց անձնագրերը կտրամադրվեն մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը: Խոսքը գործող կապույտ անձնագրերի մասին է, որոնք ստանալիս անձը իր կենսաչափական տվյալները չի ներկայացնում, այսինքն՝ անձից չի վերցվում մատնահետք, էլեկտրոնային լուսանկար:
Հայկ Գասպարյան - Եկել եմ անձնագիր վերցնելու 10 տարով, իմացել եմ, որ պետք է ID քարտ վերցնեմ, որպեսզի տան 10 տարով:
2021-ի տարեվերջից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխությունները: Դրանցից մեկով նախազորակոչային տարիքի արական սեռի անձանց անձնագրերը տրամադրվում են մինչև 19 տարեկանը լրանալը՝ նախկին 18-ի փոխարեն:
Խոսքը միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի մասին է. դրույթը դեռևս կիրառելի չէ սովորական անձնագրերի համար:
Արա Մկրտչյան - Փոփոխություն Է նախատեսվում նաև Անձնագրային վիզաների վարչությունում, և հուսով ենք, որ դա էլ 2022-ի ընթացքում կկատարենք:
Մեկ այլ փոփոխությամբ՝ անձնագիր է տրամադրվում առողջական խնդիրներով պայմանավորված՝ անգիտակից կամ անշարժունակ անձանց, նրանց մերձավոր հարազատների դիմումների կամ տվյալ բուժհաստատության ղեկավարի գրության հիման վրա:
Արա Մկրտչյան - Նախկին գործող ընթացակարգով մեզ նման իրավունք տրված չէր, սակայն մենք բազմիցս բախվում էինք այս խնդրին, երբ անձը անգիտակից կամ անշարժունակ վիճակում գտնվում էր բուժհաստատությունում, անհրաժեշտ էր լինում նրան անձնագրավորել, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել, և օրենքը մեզ որևէ կերպ հնարավորություն չէր տալիս մերձավոր հարազատի դիմումի հիման վրա անձին անձնագիր տրամադրել:
Ի դեպ, քաղաքացիների ցանկությամբ անձնագրում, որպես անձի ծննդավայր, կարող է նշվել ոչ միայն պետությունը, այլև մարզը, քաղաքը կամ գյուղը: