Ուկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ և վետոյի իրավունք տրամադրելը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան՝ հայտնում է ТАСС-ը:
«Ուկրաինայի ոչ մի շրջան իրավունք չի ունենա վետո դնել համազգային որոշումների վրա: Ուստի չի լինի հատուկ կարգավիճակ, ինչպես ներկայացնում է Ռուսաստանը: Մենք շատ խոր ապակենտրոնացման բարեփոխում ենք իրականացնում և պատրաստ ենք աշխատել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,- ասել է նա:
Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորումը հիմնված է Մինսկյան համաձայնագրերի վրա, որոնք նախատեսում են ոչ միայն հրադադար, զինված ուժերի դուրսբերում, համաներում, տնտեսական կապերի վերականգնում, այլև Ուկրաինայում խոր սահմանադրական բարեփոխումներ՝ հիմնված Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ երկխոսության վրա: Դրա արդյունքը պետք է լինի իշխանության ապակենտրոնացումը՝ հաշվի առնելով Դոնեցկի և Լուգանսկի որոշ տարածքների հատուկ կարգավիճակը։
Կիևը հրաժարվում է ուղիղ երկխոսությունից Դոնբասի հետ, դեմ է սահմանադրությամբ տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելուն, ինչպես նաև պահանջում է, որ մինչև պայմանագրերի քաղաքական մասի իրականացումը իր վերահսկողությանը հանձնվի Ռուսաստանի հետ Դոնբասի սահմանային հատվածը: