Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։
Հանձնաժողովի նախագահը կարևորել է վերջին տասնամյակների ընթացքում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը հակամարտության գոտիներում՝ ընդգծելով 44-օրյա պատերազմից հետո կազմակերպության կողմից կատարված աշխատանքն անհետ կորածների և ռազմագերիների վերաբերյալ ունեցած տեղեկատվության տեղեկությունների հավաքագրման և համադրման շրջանակներում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի՝ գերեվարված անձանց տեսակցելու, ընտանիքների հետ կապն ապահովելու եզակի դերը։
Գերեվարվածների վերադարձմանը միտված քայլերն այս պահին մեր պետության հիմնական առաջնահերթություններից մեկը համարելով՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է հակամարտող կողմերի իշխանությունների միասնական ջանքերի ներդրման կարևորությունը, որն, իր հերթին, հող կնախապատրաստի հարատև խաղաղության հասնելու համար։ Այս գործում Քոչարյանն առանձնահատուկ շեշտել է ԿԽՄԿ դերակատարումը, որը, փաստորեն, կարող է մարդասիրական կոմունիկացիոն օղակ հանդիսանալ։
Հանդիպման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն շեշտել է, որ ԿԽՄԿ-ի նպատակներից է նաև հակամարտության գոտում ապաքաղաքական, մարդասիրական միջավայրի ստեղծումը՝ մարդասիրական առաջնային խնդիրների համապարփակ լուծման նպատակով։
Նա նաև նշել է, որ որևէ կերպ չպետք է տարանջատել Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների ընթացքում անհետ կորածներին և պետք է հավասարապես աշխատանքներ իրականացնել նրանց հայտնաբերելու և ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ Ռիբոն հույս է հայտնել, որ համատեղ համակարգված աշխատանքը պետական գերատեսչությունների միջև կբերի ցանկալի արդյունքների։
Կողմերը քննարկել են նաև պատերազմից հետո ուժայիններում միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ամրապնդումը, ինչպես նաև Զինված ուժերում բարեփոխումները՝ մասնավորապես կրթական և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի առաջնահերթություններից է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, ինչը ենթադրում է միջազգային նորմերին համապատասխան Զինված ուժեր թե՛ կրթության, թե՛ բարեվարքության տեսանկյունից։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր, կողմերը վստահեցրել են, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու։