Սպիտակ տան խոսնակ Ջենիֆեր Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա: Զորքերի տեղակայման մասին որոշումները կկայացվեն ՆԱՏՕ-ի հետ համատեղ:
«Նախագահ Բայդենը ո՛չ մտադրություն, ո՛չ շահագրգռվածություն, ո՛չ էլ ցանկություն ունի զորք ուղարկել Ուկրաինա: ՆԱՏՕ-ն ստեղծվել է «արևելյան թևի» մեր գործընկերներին և երկրներին աջակցելու համար, և դրա վրա ենք մենք կենտրոնացել»,- ասել է Պսակին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի 8500 զինվորականներն «արևելյան թև» կուղարկվեն ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ որոշումից հետո միայն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ, իր հերթին, CNN-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ծրագրում իր մարտական ստորաբաժանումները տեղակայել Ուկրաինայում։
Ստոլտենբերգը վերջին ամիսներին բազմիցս հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային տրամադրում է «գործնական և քաղաքական» աջակցություն։
Միաժամանակ, Interfax-ը տեղեկացնում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ստացել են մոտ 300 Javelin շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և 79 տոննա ամերիկյան ռազմական օգնություն։