ԱՄՆ-ը ոչ միայն Ուկրաինային տեղեկացրել է, թե ինչ է լինելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթում, այլև ծանոթացրել է փաստաթղթի նախնական տարբերակին, ինչպես նաև հարցրել է Կիևի կարծիքն ու այն ներառել փաստաթղթում։ Այնպես որ ՆԱՏՕ-ի, մեր եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի համար անակնկալներ չեն լինի»,- այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, տեղեկացնում է rbc.ru-ն:
Պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանի համար անակնկալներ» կլինե՞ն, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առաջարկել է հետևել Մոսկվայի արձագանքին։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՆ-ը «հասկացրել է», թե ինչ է մտածում Ռուսաստանի առաջարկների մասին, ներառյալ այն կետերը, որոնք համարում է անընդունելի (դրանց թվում Վաշինգտոնը նշել է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում չընդունելու և դաշինքը դեպի արևելք չընդլայնելու հարցերը):
Պետքարտուղարության խոսնակն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը իր գաղափարները կիսում է Եվրոպայի հետ և պատասխանը պատրաստելու ժամանակ հաշվի է առնում նրանց տեսակետը։ Փաստաթուղթը, ըստ Փրայսի, Ռուսաստանին կհանձնեն այս շաբաթ։
Ըստ The Washington Post-ի՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանին առաջարկել է չհրապարակել իրենց գրավոր պատասխանը, սակայն Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Մոսկվան փաստաթուղթը կհրապարակի: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ նման քայլը ճիշտ կլինի։