ՀՀ դիվանագիտական ծառայությունը լուրջ փոփոխությունների ճանապարհին է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք եկել և վստահության մանդատ ենք տվել դիվանագիտական ծառայությանը: Արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները վարչապետի, Անվտանգության խորհրդի այլ անդամների մասնակցությամբ խորհրդակցության են մասնակցում, քննարկվում է հարց երկրի անվտանգության հետ կապված, հետո ասում են՝ թեմայից տեղյակ չենք: Մենք իրադրություն ունենք, երբ մարդը, որ ուղարկել է ինձ նախագիծ, հետո հայտարարություն է անում, թե տեղյակ չէ դրանից:
Մենք ասել ենք, որ հնարավորություն պետք է տանք, որ դիվանագիտական ծառայությունը մաքսիմալ ապաքաղաքական ու ինստիտուցիոնալ լինի: Այդ նույն մարդիկ գնում են, թաքուն ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, բոյկոտի են ենթարկում ու կաթվածահար են անում արտաքին գործերի նախարարությունը: Սա պետք է անարձագա՞նք մնար: Իհարկե ոչ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ պետք է վերադառնալ «պողպատե» մանդատին։
Վարչապետը նաև նշեց, որ ավելի շատ երիտասարդ, նոր ուժերի են բերելու դիվանագիտական ծառայություն։