Պայթյուն է տեղի ունեցել Իրաքն ու Թուրքիան կապող Քիրքուկ-Ջեյհան խոշոր նավթամուղում՝ հայտնում են լրատվամիջոցները։
Թուրքական Botas խողովակաշարի օպերատորը հայտարարել է, որ միջադեպը եղել է Թուրքիայի արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նավթատարի աշխատանքը դադարեցվել է, դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Վտանգ կա, որ հրդեհը կարող է տարածվել դեպի բնակելի տարածքներ։ Կրակի մարմանը ներգրավվել է 19 միավոր տեխնիկա։
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։ Տուժածների մասին տեղեկություն չկա։
970 կմ երկարությամբ խողովակաշարն օգտագործվում է իրաքյան Քիրքուկից թուրքական Ջեյհան նավահանգստային քաղաք նավթ մատակարարելու համար։ Նավթամուղը նախկինում էլ ենթարկվել է Քուրդիստանի բանվորական կուսակցության և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հարձակումներին: