Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն երկուշաբթի ժամանել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայան, որտեղից կմեկնի Կիև։ Այդ մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Պորոշենկոյին օդանավակայանում սպասում էին մի քանի տասնյակ լրագրողներ։ Պատասխանելով թղթակիցների հարցերին՝ նա ասել է, որ չի վախենում Կիևում ձերբակալվելուց։
Պորոշենկոն համոզված է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։ Նա հայտարարել է, որ պատրաստ է Կիև ժամանելուց անմիջապես հետո կամովին գնալ դատարան, իսկ իշխանությունները բավարար «ուժ ու կամք» չունեն իրեն ճաղերի հետևում նստեցնելու համար։
Կիևի օդանավակայանում հավաքվել են նախկին նախագահի կողմնակիցները, որոնք պատրաստվում են զանգվածային հանրահավաք կազմակերպել ի պաշտպանություն իրենց առաջնորդի:
Ուկրաինայում Պորոշենկոն մեղադրվում է Ռուսաստանի օգտին պետական դավաճանության և ահաբեկչություն քարոզելու մեջ։ Նա կասկածյալ է համարվում 2014-2015 թթ.Դոնբասի հետ ածխի առևտրի քրեական գործով: