ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստին ևս նախագահի տեղակալ չընտրեց: Նիստը տևեց շուրջ 1 րոպե:
«Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Նիստը համարում ենք ավարտված: «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջով կշարժվենք, մինչև ունենանք առաջարկ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության կողմից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության վերաբերյալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախորդ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը կներկայացնի իր թեկնածուին: Նա նաև շեշտել էր, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս խորհրդարանական մեծամասնությանն իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:
«Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան, հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի իր թեկնածուին»,- մեկ շաբաթ առաջ ասել էր Անդրանիկ Քոչարյանը: