Ուզում եմ հաջողություններ մաղթել քաղաքապետին և Երևանի ավագանուն այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերը իրագործելու համար: Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին: Այս մասին Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Եկեք արձանագրենք, որ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է քաղաքի, համայնքի կառավարման նոր մոդել, որը համապատասխան է երկրի կառավարման մոդելին, և մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելն իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, նաև Գյումրիի և Վանաձորի կառավարման առումով:
Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը, պետք է ընդգծեմ, մեծավ մասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների 2017 թ. ծրագրից, և այն ուղղությունները զարգացման, որ այսօր իրականացվում են Երևանում, ահա իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագիրն ու ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հայտարարեց, որ այս ընթացքում ՀՀ Կառավարությունն էական և շոշափելի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին: 2018 թվականից ի վեր Կառավարությունը շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին ֆինանսական տարբեր գործիքներով:
«Մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ զարգացումը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է շարունակվի պետական ինստիտուտների կայացման քաղաքականությունը:
«Հենց ինստիտուտների կայացումն է, որ պիտի երաշխավորի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետագա և բնականոն զարգացումը: Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, Երևանին, Երևանի քաղաքապետին և ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ միասին ձևակերպել ենք դեռ 2017-2018 թվականներին»,- ասաց Փաշինյանը:
Ելույթի վերջին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար՝ նշելով, որ դա շատ էական է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ինստիտուտների կայացման ճանապարհին: