Երեկ Թուրքիայում, Մեքսիկայում և մի շարք այլ երկրներում Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ անցկացված ցույցերն անցել են ոստիկանների հետ բախումներով: Այս մասին հայտնում է BBC News-ը։
Մեքսիկայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ծխային ռումբեր է կիրառել ցույցերը ցրելու համար։ Լրատվականի տեղեկություններով՝ որոշ ցուցարարներ շշեր, քարեր և ազդանշանային հրթիռներ են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ ցույցերի ընթացքում տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ տասը կին ոստիկան։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Մեքսիկայում ամեն օր սպանվում է մոտ տասը կին և աղջիկ։
Անհանգիստ է եղել իրավիճակը նաև Ստամբուլի փողոցներում: Ցուցարարները բախվել են ուժայինների հետ, որոնք քաղաքացիներին կոչ են արել ցրվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը պահանջել են կառավարության հրաժարականը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հետ: Միջազգային այդ պայմանագիրը ստեղծվել է պաշտպանելու կանանց իրավունքները: