Հայաստանն արժանի է ավելի մեծ ուշադրության՝ որպես զբոսաշրջային երկիր: Այդ մասին գրում է ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը: Հոդվածում հեղինակը Հայաստանը համարում է «Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև գտնվող յուրահատուկ երկիր»:
«Հայաստանն իր խոհանոցով և գինեգործության ավանդույթներով ավելի մեծ ուշադրության է արժանի զբոսաշրջիկների շրջանում: Հայաստանն առանձնանում է հայկական հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ, բարությամբ ու մեծահոգությամբ, «հազարամյակների պատմությամբ» ու ներկա նվաճումներով»:
Հեղինակը նշում է նաև, որ հայերը մտավորական ժողովուրդ են, և նույնիսիկ 1915 թ. Ցեղասպանության ժամանակ շատերը զոհաբերել են իրենց կյանքը՝ հայկական ձեռագիր մատյանները փրկելու համար: Չնայած համավարակի տարածվածությանը աշխարհում և Հայաստանում, հիմա էլ զբոսաշրջային սեզոնը մեր երկրում շարունակվում է:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բժիշկ-համաճարակաբան Հրաչյա Վարդանյանը նշում է՝ բոլորը մինչև ելքի այս կետը հասնելը՝ հեռավար ջերմաչափվում են, ջերմություն ունենալու դեպքում միանգամից տեղափոխվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Հրաչյա Վարդանյան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ համաճարակաբան - Կամ ժամանում են ՊՇՌ թեստով, կամ պատվաստված՝ 2 դեղաչափ՝ գումարած անցած 14 օր: Կան մեկ դեղաչափով դեղեր, այդ դեպքում՝ 28 օրն է:
Իսկ ՊՇՌ թեստի բացակայության ժամանակ թեստավորվում են տեղում:
Հրաչյա Վարդանյան - Ամառվա սեզոնին ունեցել են մինչև 60 չվերթ, 6000-8000 ժամանող, հիմա նվազել է՝ մոտ 32-38: Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է պատվաստված, նաև թեստի առկայությամբ: Ուղևորի մոտ պատվաստման սերտիֆիկատն է, նայում ենք կոդը, սկանավորում ենք, և անձնագրի հետ համեմատում տվյալները: Ապա ուղևորին ասում ենք՝ բարի գալուստ:
Հայաստանն այն ուղղություններից է, ուր ռուսներն ընտրելու են լոքդաունի ընթացքում: Այդ մասին գրել էր նաև Forbes Life-ը: Հարցումների համաձայն՝ արտերկիր ուղղությունների թվում առաջատար են Ուզբեկստանը, Հայաստանը, Թուրքիան:
Ռուսաստանից Հայաստան են գալիս միայնակ, ընկերներով, ընտանիքով, այս դեպքում՝ 3 ընտանիք որոշել է միասին Հայաստանում անցկացնել արձակուրդը:
Զբոսաշրջությունը վերականգնվում է, բայց կորոնավիրուսի վերջին օրերի վարակման նոր դեպքերը մտահոգիչ են: Այդ մասին նշեց Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս տեմպը կարող է փոխել իրավիճակը:
Մեխակ Ապրեսյան, Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ - Հայաստանը մեզ համար կարևոր երկրներում նորից հայտնվեց կարմիր զոնաներում: Նման երևույթները, իրավիճակը բացասաբար են ազդում զբոսաշրջության վրա:
Ապրեսյանը շեշտում է՝ եթե նախկինում զբոսաշրջության սեզոնը Հայաստանում ավարտվում էր սեպտեմբեր-հոկտեմբերին, ապա հիմա երկարել է:
Ըստ վիճակագրական տվայլների՝ 2021 թվականի հունիսին Հայաստան շուրջ 64,101 զբոսաշրջիկ է այցելել, 2021 թվականի հուլիսին՝ 106.127, 2021 թվականի օգոստոսին՝ շուրջ 143.168: Բոլոր ամիսներին զբոսաշրջիկների ամենից մեծ հոսքը եղել է Ռուսաստանից:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան