Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչության առաջարկությամբ առաջիկայում կդրվի ՀՀ Լոռու մարզի և ՌԴ Սամարայի շրջանի միջև համագործակցության և բարեկամության սկիզբը: Համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ բանակցությունների անցկացման նպատակով առցանց հանդիպում է անցկացվել կողմերի ներկայացուցչությունների միջև:
Լոռու մարզը ներկայացնում էին մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանեվը, Սամարայի շրջանի նահանգապետի վարչակազմի արտաքին կապերի վարչության պետ Սերգեյ Զախարովը, նահանգապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, այլք:
Ողջունելով կողմերին՝ Անտոն Բերյանեվը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում Ռոսհամագործակցության ներկայացուցչությունը մեծ սիրով աջակցում է համագործակցության նախաձեռնությանը՝ կարևորելով ՌԴ և ՀՀ քաղաքների ու մարզերի միջև սերտ բարեկամությունը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզպետարանի աշխատակազմի ջերմ ողջույնները Սամարայի կոլեգաներին փոխանցել է Ա. Հարությունյանը:
Վերջինս նշել է, որ Լոռու մարզպետարանը շահագրգռված է համագործակցության հեռանկարով և պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր՝ տարվող բանակցություններն առավել գործնական և արդյունավետ հարթակ տեղափոխելու հարցում: Կողմերն ամփոփ ներկայացրել են մարզերի հնարավորությունները արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել ոլորտներին վերաբերող տեղեկատվություններով՝ դրանք առավել հանգամանորեն քննարկելու և արդեն հաջորդ հանդիպմանը գործնական առաջարկություններով հանդես գալու նպատակով: