FREEDOM HOUSE-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կառույցը հրապարակել է The National Interest-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ հոդվածը հետևյալ գրառմամբ. «Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որ նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանում ազատությանն ու ժողովրդավարությանը»։
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԲԱՅԴԵՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԼՈՒՐԸ
Սպիտակ տունը չի հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման լուրը: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք Բայդենն ու Էրդողանը նախատեսում են հանդիպել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում, որը կսկսվի Գլազգոյում հոկտեմբերի 31-ին, պատասխանել է, որ հիմա դեռ ոչինչ հաստատել չեն կարող: Չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել է, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։
ՔԱԼԸՆԸ ԵՎ ՍԱԼԻՎԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Արցախին առնչվող հարցերի: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանի հետ հարաբերությունները և այլ հարցեր: Սալիվանը և Քալընը մտքեր են փոխանակել նաև F-35-երի և F-16-երի վերաբերյալ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ 4 ՏՈԿՈՍ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ. ԱՀԿ
Մեկ շաբաթում՝ հոկտեմբերի 18-24-ը, աշխարհում քովիդի դեպքերի 4 տոկոս աճ է գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։ ԱՀԿ-ն հայտնել է, որ Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն աճում են։ Նախորդ շաբաթվա համեմատ կորոնավիրուսից աշխարհում գրանցվել է մահվան դեպքերի 5 տոկոս աճ:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ը ԿԼԻՆԵՆ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ
Ռուսաստանում վատթարացող համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Մոսկվայում և երկրի մի շարք շրջաններում այսօրվանից մինչև նոյեմբերի 7-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր: Ռուսաստանի մայրաքաղաքում կգործեն խիստ սահմանափակումներ: Բաց կլինեն միայն սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները, դեղատները։ Կրթական հաստատություններում արձակուրդ է հայտարարված: