Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական մեքենաների քանակը: Կրճատման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:
Ծառայողական մեքենաներ ամենաքիչը շահագործում են Էկոնոմիկայի նախարարությունում, իսկ կրճատման քանակով ռեկորդակիրն Ազգային ժողովն է: Տարին դեռ չավարտված՝ խորհրդարանը կրճատել է արդեն 26 մեքենա: Մի մասը՝ շահագործման ժամկետը լրանալու պատճառով:
Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներին այլևս հատուկ սերիայով համարանիշներ չեն տրամադրվում: Միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվում ԱԺ պետհամարանիշ: Նրանց նաև ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում։
Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի խոսքով, խորհրդարանն աստիճանաբար կանցնի էլեկտրական մեքենաների շահագործմանը:
Նման ծրագիր է իրականացնում նաև Շրջակա միջավայրի նախարարությունը: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:
Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան