Մայիսից սկսած մոտ 6000 հոգեբանական ծառայություն է մատուցվել 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, զոհվածների ընտանիքներին, տեղահանվածներին:
Արտակ Գրիգորյան, Հոգեբանական ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ - Մմարզերում մեր շարժական խմբերն ավելի ակտիվ աշխատանք են իրականացնում, քան նույնիսկ խոշոր քաղաքաներում, այդ թվում նաև Երևանում:
Կառավարությունը 100 մլն դրամ էր հատկացրել՝ նշված խմբերին հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով: Կազմակերպիչներն ասում են՝ սկզբում դժվարություններ են ծագել աջակցության հասցեատերերի հետ կոնտակտի մեջ մտնելու, նրանց համոզելու հարցում, որ ունեն հոգեբանական աջակցություն կարիք:
Անդրանիկ Հակոբյան, Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական - Գործառույթը դեկտեմբերին կավարտվի, և քիչ ժամանակ է մնացել այդ իմաստով աշխատանքներն ամփոփելու համար: Ուզում եմ դիմել մեր հասարակությանը խնդրանքով, որ բոլոր մասնավոր, պետական կառույցները, գերատեսչությունները, անհատ քաղաքացիները, լրատվական միջոցներն օգնեն հոգեբանական ծառայությանը և ԱԻՆ-ին՝ իբրև կառույցի, հայտնաբերելու հոգեբաական աջակցության կարիք ունեցող մեր քաղաքացիներին: Դա կլինի մեր բոլորից հոգածությունը հասարակության խոցելի խավի նկատամամբ և դա շատ մեծ աջակցություն կլինի ծրագիրն արժանապատվորեն և մինչև վերջ տանելու համար:
Խաչատուր Գասպարյան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ - Եթե մենք այդ տրավմաների դեմ չպայքարենք, այդ տրավմաները, ի վերջո, կվերածվեն դեստրուկտիվ վարքի ձևերի, ինչպիսին է խաղամոլությունը, ալկոհոլիզմը, նյութերի չարաշահումը, ագրեսիվ վարքի տարաբնույթ դրսևորումներ:
Այս պահին ծրագրից օգտված շահառուների թիվն արդեն 1200-ի է հասնում, բայց մասնագետները կարծում են, որ կարիք կա հոգեբանական աջակցության ծառայությունը նաև հաջորդ տարիներին մատուցել, քանի որ հետևանքներն, ըստ նրանց, տարիներ անց էլ կարող են իրենց զգացնել տալ, իսկ այս փուլում հատկացված գումարով հնարավոր չէ սպասարկել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: