Ուկրաինայի որոշ լրատվամիջոցներ և РИА Новости-ն նախօրեին գրել էին, թե Ուկրաինայում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները դեռ չեն ջեռուցվում, հիվանդանոցներում հիվանդները ստիպված են տնից վերմակներ բերել, իսկ ծնողները տաքացուցիչներ են տանում մանկապարտեզներ և դպրոցներ: Աղբյուրները հղում էին արել բնակարանային և կոմունալ տնտեսության ոլորտի փորձագետներին:
Ըստ տարածվող լուրերի՝ կոմունալ ծառայությունների սպառողների միության ղեկավարն էլ հայտարարել է, որ դպրոցներին և այլ հաստատություններին սպասվում են անջատումներ, քանի որ ջեռուցման սեզոնի համար գազը բավարար չէ, այն գնելու համար էլ փող չկա:
Լրատվամիջոցների տվյալով՝ Ուկրաինայի հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները, զորամասերը և բյուջետային այլ հաստատություններ վառելիքի բարձր գների պատճառով ճգնաժամի առաջ են կանգնել: Նրանք ստիպված են մեկ խորանարդ մետր գազի համար վճարել 35-45 գրիվնա (95-122 ռուբլի):
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հերքել է մամուլում տարածվող լուրերը: Ըստ analitikaua.net-ի՝ նա վստահեցրել է, որ երկրի պահեստներում կա բավարար քանակի գազ՝ ջեռուցման կարիքները բավարարելու համար: Տիմոշենկոյի խոսքով՝ մինչև հոկտեմբերի 15-ը «Նաֆտոգազ» ընկերությունը պայմանագրեր կկնքի սոցիալական բոլոր կառույցների հետ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ: