Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահասը։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
Այս տարի Գելգին դարձել է չափահասների ռեկորդակիր։ 24-ամյա աղջկա արտասովոր բարձր հասակի պատճառը Ուիվերի համախտանիշն է, որը բնածին հիվանդություն է: Դրա պատճառով հիվանդը չափից դուրս արագ է աճում, երբեմն էլ այն ուղեկցվում է թեթև մտավոր խնդիրներով:
Գելգին բարձր հասակի պատճառով դժվարանում է քայլել։ Նա տեղաշարժվում է միայն հատուկ իր համար պատրաստված սայլակի կամ քայլակի օգնությամբ։
Ի դեպ, աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը նույնպես ապրում է Թուրքիայում։ Դա Սուլթան Քյոսեն է, որի հասակը 251 սմ է։