Թեհրանը Բաքվին հայտնել է իր մտահոգությունները և ստացել է հավաստիացումներ, որ դրանք կվերացվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարիդրացիության և եղբայրության սկզբունքների վրա:
Սաիդ Խաթիբզադե, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Մենք երբեք չենք փակել օդային տարածքն Ադրբեջանի առջև։ Ցամաքային սահմանը ևս բաց է, կապը պահպանվում է, և տեղաշարժը չի դադարել:
Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ներկայությանը՝ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանն իր անվտանգության հարցում որևէ մեկի հետ չի կատակում, և բոլոր հարևաններն այդ մասին գիտեն:
Սաիդ Խաթիբզադե - Իսրայելն ուր գնացել է, իր հետ անկայունություն, ահաբեկչություն է տարել: Մենք դա Բաքվին ասել ենք: Թեհրանն ու Բաքուն պետք է ուշադիր լինեն, որ երրորդ կողմերը չմիջամտեն իրենց հարաբերություններին: Մեր հարևանությամբ ոչ մի երկրում Իսրայելի ներկայությունը չենք հանդուրժի:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Իրանը գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների հեռանկարը, Խաթիբզադեն նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և հույս է հայտնել, որ դրանք ավելի կընդլայնվեն: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստան-Իրան բանակցություններին և այլընտրանքային ճանապարհների խնդրին:
Սաիդ Խաթիբզադե - Երբեք որևէ երկրի հետ երթուղու փոխարինման հարցի շուրջ չենք բանակցել, բայց իրանական ապրանքների՝ առանց խոչընդոտների փոխադրման հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Իրանը, ելնելով բարիդրացիականության քաղաքականությունից, որևէ հարևանի մյուս հարևանով չի փոխարինի:
Չնայած պաշտանական Թեհրանի համեմատաբար մեղմ և կառուցողական հռետորաբանությանը՝ պաշտոնական Բաքուն հերթական անգամ իրանական կողմին մեղադրել է զրպարտության մեջ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մասնավորապես, արձագանքել է իր իրանցի պաշտոնակցի՝ լիբանանյան Ալ-Մանար հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջան սիրիացի զինյալների ներգրավմանը:
Լեյլա Աբդուլաևա, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը: 44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել։
Աբդուլաևան զարմանք է հայտնել նաև, որ իրանական կողմը պատերազմի ժամանակ նման մեղադրանքներ չի հնչեցրել: