Բրյուսելը պատրաստ է զիջումներ անելու Լոնդոնին՝ Brexit-ի համաձայնագրի շրջանակներում Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ կողմերի ստորագրած արձանագրության շուրջ առկա խնդիրները լուծելու նպատակով:
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հավելելով, որ Եվրամիությունը բրիտանական կողմին կառաջարկի զգալիորեն թեթևացնել մաքսային ռեժիմը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև, որը Միացյալ Թագավորության կազմում է՝ միևնույն ժամանակ լինելով ԵՄ մաքսային տարածքի և միասնական շուկայի մաս։
Պարբերականի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը հավանություն կտա առաջարկների փաթեթին, որը թույլ կտա մաքսային ստուգումներից ազատել մի շարք ապրանքներ, որոնք Հյուսիսային Իռլանդիա են ներմուծվում Միացյալ Թագավորության այլ շրջաններից:
Ըստ Financial Times-ի տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, սակայն, պնդում է, որ մաքսային ստուգումները պետք է չեղյալ հայտարարվեն ապրանքների ավելի լայն շրջանակի համար, և անհրաժեշտ է համարում էական փոփոխություններ կատարել արձանագրության տեքստում, ինչը Բրյուսելում անթույլատրելի են համարում: