ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ՈՒԺԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գերմանիայում ոչ մեծ առավելությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ըստ նախնական արդյունքների՝ այն ստացել է ձայների 25,7 տոկոսը։
Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը ստացել է ձայների 24,1 տոկոսը։
«Կանաչները» ստացել են ձայների 14,8 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11,5 տոկոս, իսկ «Գերմանիայի համար այլընտրանքը»՝ 10,3 տոկոս:
Քվեարկության ավարտին Գերմանիայի կանցլերի երկու գլխավոր ֆավորիտները՝ Օլաֆ Շոլցն ու Արմին Լաշեթը, հայտարարել են նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։
Նոր՝ 20-րդ գումարման Բունդեսթագի առաջին նիստը, ենթադրաբար, կկայանա հոկտեմբերի 26-ին:
Անգելա Մերկելը այս ընտրություններին չի մասնակցել և հայտարարել է լիազորությունների ժամկետի ավարտից հետո քաղաքականությունից հեռանալու մասին:
ԿԱՆԱՅՔ՝ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Իսլանդիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ խորհրդարանում կանայք կկազմեն մեծամասնություն: Իսլանդիայում ընտրությունները կայացել են շաբաթ: Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկախության կուսակցությունը ստացել է ձայների 24,4 տոկոսը, որին հաջորդում է Առաջադիմական կուսակցությունը՝ 17,3 տոկոսով: Երրորդ տեղում է ձախակողմյան «Կանաչ շարժումը»՝ 12,6 տոկոսով: Խորհրդարանի մանդատներից 33-ը բաժին են հասել կանանց, իսկ 30-ը՝ տղամարդկանց:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա պատարագի ընթացքում կոչ է արել ընդունել միգրանտներին և չզրկել նրանց հույսից՝ նշելով, որ ցանկացած սահմանափակում հանգեցնում է բռնապետության ու բռնության:
«Ցանկացած սահմանափակում ու մեկուսացում, այլախոհների հեռացում հանգեցնում է դիրքորոշումների ծայրահեղացման, ինչը ծնում է բռնություն: Դրանք են պատմության մեջ բազմաթիվ չարյաց արմատները»,- ասել է Հռոմի Պապը:
ԹԱԼԻԲԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆԻՆ ԻՐ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Աֆղանստանում «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուլ Գանի Բարադարը հարևան Տաջիկստանին մեղադրել է Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու համար:
«Տաջիկստանը միջամտում է մեր գործերին, յուրաքանչյուր գործողության դեպքում կա հակազդում»,- նախազգուշացրել է նա: