Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պատրաստ է ընդունելու կազմակերպության անդամ երկրներում հաստատված ցանկացած դեղամիջոցով պատվաստված պատվիրակներին: Այս մասին ТАСС-ին հայտնել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունից:
«Եվրոպայի խորհրդի տարածք մուտք գործող պաշտոնական այցելուները կարող են օգտվել անդամ երկրների կողմից լիցենզավորված բոլոր պատվաստանյութերից, ներառյալ Sputnik V-ն»,- նշվում է կազմակերպության մամուլի ծառայությունում:
Որոշումը կայացվել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի՝ ԵԽ-ին ուղղված բողոքից հետո: Տոլստոյը պահանջել էր միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի կառավարության դեմ և կանխել «ազգային պատվիրակությունների տարանջատումը՝ ելնելով երկրներում այս կամ այն պատվաստանյութի կիրառումից»:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել սեպտեմբերի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին և աշխատանքներին կհետևի հեռակա կարգով:
Պետդումայի փոխխոսնակի խոսքով՝ պատճառը պատվաստանյութն է: Ֆրանսիան երկրները բաժանում է ոչ թե ըստ վարակի դեպքերի մակարդակի, այլ՝ կիրառվող պատվաստանյութերի սկզբունքի: Փարիզը Ռուսաստանին դրել է կարմիր գոտում, քանի որ երկիրը չի օգտագործում AstraZeneca, Moderna կամ Pfizer: Ռուս պատվիրակներին արգելվել է տեղաշարժվել քաղաքում, մինչդեռ կարմիր գոտուց ժամանած և Pfizer-ով պատվաստված թուրքական պատվիրակությունը խոչընդոտների չի հանդիպում: Նույնը վերաբերում է նաև ուկրաինացի պատվիրակներին:
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ պատվաստումների խտրականությունը տեղի է ունենում «Եվրոպայի խորհրդի լուռ համաձայնությամբ և միջամտության բացակայությամբ»:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ուշադրության կենտրոնում հիմնականում լինելու են կլիմայի և շրջակա միջավայրի խնդիրները, սակայն օրակարգում ներառված են նաև բանավեճեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքների վերաբերյալ: