Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը: Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
*****
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, Ներքին գործերի ու Արդարադատության նախարարները կհանդիպեն Թեհրանում: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հանդիպման ժամանակ այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում և, հետևաբար, երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտություն կա: Նա հրավերի պաշտոնական նամակը հանձնել է Մևլութ Չավուշօղլուին: Իրանի նախագահն էլ Թեհրան է հրավիրել Թուրքիայի նախագահ Էրդողանին:
*****
Սիրիայի կառավարությունը պնդում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից։ Հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը: Այսպես նա արձագանքել է Իդլիբի նահանգում լարվածության վերջին սրմանը։ «Կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքը: Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում գրավված տարածքների ազատագրմանը»,- ասել է Միկդադը: Նա հավելել է, որ այդ էսկալացիայի հիմնական պատճառը թուրքական օկուպացիան է և այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին:
*****
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Եղիսաբեթ Թրասսի հետ։ Հանդիպումը փակ է եղել: Սեպտեմբերի կեսին Մեծ Բրիտանիայի վարչապետը վերադասավորումներ արեց կառավարությունում և հեռացրեց արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին, որը քննադատության թիրախ էր դարձել աֆղանական ճգնաժամի թեժ շրջանում իր արձակուրդի պատճառով: ՄԱԿ-ում Լավրովը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և հորդորել չանտեսել Ռուսաստանի առաջարկները հարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
*****
Կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը կվերադառնա Վաշինգտոն՝ որպես վստահությունը վերականգնելու քայլ: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում: Բայդենը համաձայնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ անվտանգային գործարք կնքելուց առաջ Ավստրալիան պետք է խորհրդակցեր Ֆրանսիայի հետ՝ խուսափելու համար ստեղծված միջազգային սկանդալից: Սպիտակ տունը հեռախոսազրույցն ընկերական և հուսադրող է անվանել:
*****
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրն անվանել է կարևորագույն քայլ՝ համաշխարհային անվտանգության համար: «Խոսքը երեք, միանման մտածող դաշնակիցների մասին է, որոնք կանգնած են ուս ուսի՝ ստեղծելով նոր գործընկերություն՝ հանուն տեխնոլոգիաների փոխանակման: Սա փորձ չէ դուրս մղելու որևէ մեկին, այն ուղղված չէ, օրինակ, Չինաստանի դեմ»,- ասել է Ջոնսոնը: Նա Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն և այլևս չխոսել այդ գործարքի մասին:
*****
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմում զորավարժության ընթացքում հրթիռեր են արձակվել «Բաստիոն» տեսակի համակարգերից։ Կրակը բացվել է ցամաքային շարժական կայաններից։ Պայմանական հակառակորդի նավերը հայտնաբերելու համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ «Բաստիոն» համակարգը կարող է ծովային թիրախները հայտնաբերել ու դրանց հարվածել 350 կիլոմետր հեռավորությունից, իսկ ցամաքային թիրախներին՝ 450 կիլոմետրից։ Զորավարժանքն անցկացվում է այն ժամանակ, երբ Ուկրաինան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ է անցկացնում, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 1-ը։
*****
Եվրոպական առաջատար մի քանի հեռուստաալիք այս շաբաթը հատկացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը բացահայտող հերթական ֆիլմաշարի հեռարձակմանը: Այն բաղկացած է լրագրողական հետաքննություններից: Ֆիլմն այդպես էլ կոչվում է՝ «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես գնել ժողովրդավարություն»։ Ռեժիսորն ու հեղինակներից մեկը ֆրանսիացի հետաքննող լրագրող Բենուա Բրինյեն է, որը որպես «Պանամական թղթեր» հետաքննության թիմի անդամ արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ «Խավիարային դիվանագիտությունը» պատմում է, թե ինչպես են Ադրբեջանի նման բռնապետությունները փորձում փրկել իրենց հեղինակությունը և արդարացնել մարդու իրավունքների խախտումները՝ կաշառելով ու գնելով միջազգային աստղերի՝ Ժերար Դեպարդիե, Լեդի Գագա, Ջենիֆեր Լոպես, Սթինգ, արևմտյան քաղաքական գործիչների և անցկացնելով տարատեսակ մարզական միջոցառումներ:
*****
Եվրամիությունը փորձում է հեշտացնել Այֆոն հեռախոս օգտագործողների կյանքը՝ պարտադրելով արտադրողներին միանման լիցքավորման բնիկների անցնել: Եվրահանձնաժողովի այսօր ներկայացված բանաձևով արտադրողները կպարտավորվեն միատեսակ լիցքավորիչներ արտադրել բոլոր տեսակի պլանշետների, սմարթֆոնների և ականջակալների համար: