ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թվականներին տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ առանձնահատուկ դարձնել Հայաստանի Անկախության օրվա և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տոնակատարությունը: Ես կցանկանայի ընդգծել այն զգալի առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ 1990-ականներին իմ առաջին այցից ի վեր: Ես անձամբ ականատեսը եղա այն զգալի փոփոխությունների, որ իրականացրել է Հայաստանը այսքան կարճ ժամանակահատվածում, քանի որ 2018 թ. թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր։ Հայաստանի երիտասարդ կառավարությունում նկատվում է հստակ առաջընթաց, որը նպատակաուղղված է ամրապնդել երկրի ժողովրդավարությունը, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը: Փաշինյանի կառավարությունը շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում՝ դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ: Միացյալ Նահանգները գտնվում է յուրահատուկ դիրքում, քանի որ հասցեական աջակցության ավելացումը կարող է մեծապես խթանել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:
Անչափ ոգևորված եմ, քանի որ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի քրտնաջան աշխատանքների արդյունքում այս տարվա ֆինանսավորման օրինագծում ներառվեց 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և լրացուցիչ օգնություն Արցախում ականազերծման աշխատանքների նպատակով: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք, որ այդ ձևակերպումները տեղ գտնեն վերջնական օրինագծում, որը հավանաբար կստորագրվի նախագահ Բայդենի կողմից այս աշնանը: Այս հանձնառությունը մեծ նշանակություն կունենա օգնելու Հայաստանի երիտասարդ, ժողովրդավարական կառավարությանը` հետագայում տնտեսական, կառավարման և օրենքի գերակայության բարեփոխումների իրականացման համար։ Ես նաև հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել զարգացնել Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության հանդեպ Արցախում և Հայաստանում, որն այս տարի անցկացրեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Ես հավատում եմ, որ նման քայլերի ձեռնարկումը և անհրաժեշտ ներդրումների ապահովումը կխթանի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերություններին և կաջակցի, որ արդեն իսկ առկա ժողովրդավարական շարժումը առավել աճ գրանցի:
Վստահ եղեք, որ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կշարունակի աշխատել մեր հայ գործընկերների հետ` ձգտելով ապահովել ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերություններ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում:
Եվ, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում ներկայումս, ես հույս ունեմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կշարունակի առաջնորդել այն դեպի ավելի լավ ապագա:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Անկախության օրվա առթիվ»,- ասված է ուղերձում: