Ուսուցիչների առաջին խումբն այսօր մասնակցեց կամավոր ատեստավորմանը՝ բնագիտական առարկաներից: Հայտագրվածների գրեթե 20 տոկոսը չէր ներկայացել քննությանը: Ոլորտի պատասխանատուները սա հասկանալի և տրամաբանական են համարում, քանի որ գործընթացը նոր է, և անորոշությունը դեռ մեծ է: Այդուհանդերձ, բացակայությունների պատճառները կուսումնասիրվեն:
Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Կարծում եմ՝ այստեղ հավելյալ կդիտարկենք, թե հիմնականում որ մարզերից են եղել խնդիրները: Այս տարի կազմակերպում էինք առաջին անգամ, և այդ պատճառով փորձեցինք Երևանում կազմակերպել, որպեսզի կարողանանք ավելի խիստ հետևել ընթացակարգին, կազմակերպման կանոններին: Սա կարող է որոշակի դժվարություններ է առաջացրել մարզից ուսուցիչների գալու և մասնակցության տեսանկյունից: Հետագա տարիներին նախատեսում ենք, որ մարզերում էլ կլինեն կենտրոններ:
Փոխնախարարը նշում է՝ գիտելիքի ստուգմամբ նպատակ չունեն որոշել՝ ուսուցիչը լավն է, թե ոչ, որովհետև մանկավարժությունը գիտելիքը օգտագործելու և սովորեցնելու կարողություն է առաջին հերթին:
Ժաննա Անդրեասյան - Սա ավելի շատ մեզ համար իրավիճակի ախտորոշման գործիք է, որպեսզի մենք հասկանանք, թե մեր ուսուցիչների որ մասն ինչ վերապատրաստման կարիք ունի, որ ուղղությունները զարգացնելու խնդիր ունի, որպեսզի մենք էլ կարողանանք աջակցել: Արդյունքում՝ ունենանք ավելի բարձրորակ կրթություն մեր երեխաների համար:
Նախարարի տեղակալը շրջեց Երևանում ձևավորված քննական 4 կենտրոնում: Նրա գնահատմամբ՝ պրոցեսն ընթանում է ըստ պլանավորվածի՝ առանց լուրջ խնդիրների: Ֆիզիկայի քննությունից դուրս եկած ուսուցիչները նշեցին, որ թեստային առաջադրանքները, ընդհանուր առմամբ, մատչելի էին, իսկ մասնագիտական գիտելիքի ստուգումը՝ անհրաժեշտ ու օրինաչափ:
Նելլի Ասոյան, Մասիսի համար 5 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի - Կային վարժություններ, որոնք իսկապես դժվար էին: Թեստի կառուցվածքն է այդպես թույլատրում, բայց, ընդհանուր առմամբ, հաղթահարելի թեստեր էին, մեծ մասը՝ դասագրքային, ոչ ծրագրից դուրս, պարզապես մի քիչ բարդ: Եթե ինքդ քո վրա շատ ես աշխատում, ինչո՞ւ եվախենանք մեր մասնագիտական գիտելիքն ստուգելուց: Ըստ իս, դա շատ նորմալ պրոցես է: Գիտելիք ստուգելը և դրա հիման վրա աշխատավարձ բարձրացնելը, եթե բոլոր բնագավառներում այդպես լիներ, կարծում եմ՝ օրինաչափ կլիներ:
Ջանիբեկ Սերոբյան, Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ - Նախ՝ կազմակերպչական առումով լավ էր, թեստերը կազմված էին հաջող, չնայած ամեն ինչ հարաբերական է: Միջինից բարձր գիտելիք ունեցող ուսուցիչը, ինձ թվում է, պետք է շեմերն անցնի:
Սահմանված շեմերը հաղթահարած ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 30-50 տոկոսով: Գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել մոտ 1400 ուսուցիչ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան