Իրանի դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ: Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի մասնակիցներն ստորագրել են համագործակցության մասին փաստաթուղթ՝ համաձայնություն տալով նաև կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցությանը: Գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունը բնութագրել է որպես տնտեսական, քաղաքական և ժողովրդագրական արժեք ունեցող կառույց, որը շարժվում է դեպի բազմաբևեռություն: Նա ընգդծել է նաև, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազային կառույցներում ակտիվ մասնակցության, բազմակողմանիության, համագործակցության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
*****
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, իր առաջին ուղերձում, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելդը, անդրադառնալով հակամարտության գոտիներում իրավիճակին, կոչ է արել ավելի շատ գործակցել ԵԱՀԿ-ի հետ: Նա առանձին անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հարցին ու նշել. «Չնայած Լեռնային Ղարաբաղում հրադադարին, դեռ շատ բան է պետք անել երկարատև խաղաղություն երաշխավորելու համար, որպեսզի հաջողվի մեղմել խաղաղ բնակիչների տառապանքները: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների հետ մեր հաջող գործակցությունը հաշվի առնելով՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար»
*****
Իտալիայում բոլոր պետական ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները հոկտեմբերի 15-ից պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու, բացասական թեստի կամ էլ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկանք ներկայացնել, այլապես իրենց հաշվին արձակուրդ են մեկնելու՝ ասված է Իտալիայի կառավարության ընդունած որոշման մեջ։ Իտալիան Եվրոպայի առաջին պետությունն է, որ նման խիստ նորմ է սահմանում։ «Կանաչ անձնագրեր» պարտավոր են ներկայացնել բոլոր աշխատող անձինք: Հոկտեմբերի կեսից մոտ 23 միլիոն մարդ պետք է ներկայացնի պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի բացասական թեստ:
*****
Ֆրանսիայում երեք հազար բժիշկի, բուժքույրի և բժշկական հաստատությունների այլ աշխատակիցների աշխատանքից հեռացրել են COVID-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով: Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հրամանագիր, ըստ որի պատվաստումը պարտադիր է բոլոր բուժաշխատողների, հրշեջների և ծերանոցների աշխատակիցների համար: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է՝ աշխատանքից ազատումը ժամանակավոր միջոց է, քանի դեռ տվյալ աշխատակիցը չի պատվաստվել: Նա ընդգծել է, որ շատ ֆրանսիացիներ համաձայնել են պատվաստվել միայն համապատասխան կանոնի ներդրումից հետո: