Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում վեց մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, մահացել է երեք մարդ, 88-ը վիրավորվել է՝ տեղեկացնում է South China Morning Post-ը: Չինական իշխանությունները տարհանել են ավելի քան 76 հազար բնակչի և չորս հազար փրկարար են ուղարկել նահանգ՝ աղետի հետևանքները վերացնելու համար:
Չինական լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ երկրաշարժը մեծ վնաս է պատճառել ալկոհոլային խմիչքի բիզնեսին, ավերել է նահանգի ալկոհոլային խմիչքի պահեստը: Ստորգետնյա ցնցումներից ջարդվել են 170 ճենապակյա տարաներ, որոնցում եղել է օղուն նմանվող չինական ավանդական բայցզյուն, արտահոսել է ավելի քան 200 տոննա ալկոհոլ: Իշխանությունները 50-ից ավելի փրկարար և ինը հրշեջ մեքենա են ներգրավել արտահոսքը վերացնելու գործողությանը: