Աֆղանստանի տնտեսության փլուզումից խուսափելու և հումանիտար օգնության արդյունավետ բաշխման համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է մի շարք բացառություններ անել թալիբների նկատմամբ պատժամիջոցներից: Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նա նշել է նաև պայմանները, որոնք պարտադիր են պատժամիջոցների վերացման համար: «Պարտադիր է ունենալ ներառական կառավարություն, որը ներկայացնում է երկրի տարբեր էթնիկ խմբերին: Պետք է հարգվեն կանանց ու աղջիկների հիմնարար իրավունքները բոլոր մակարդակներում. կանայք կարող են աշխատել, իսկ աղջիկները՝ դպրոց հաճախել»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ի և միջազգային հանրության հիմնական խնդիրն է՝ խուսափել Աֆղանստանում աղետալի հումանիտար իրավիճակից:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին էլ, Դուշանբեում ՇՀԿ և ՀԱՊԿ գագաթնաժողովների շրջանակում Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ քառակողմ հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ին կոչ է արել ստանձնել Աֆղանստանի վերականգնման պատասխանատվությունը՝ ցուցաբերելով տնտեսական ու մարդասիրական օգնություն:
Նրա խոսքով՝ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների և նրանց դաշնակիցների հապճեպ դուրս գալը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել այդ երկրին: Վան Յին նշել է, որ նոր քաղաքական կառույցի ձևավորումն Աֆղանստանում դեռ չի ավարտվել, կա տեղական հակամարտությունների մեծ ռիսկ: