Ի պատասխան ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա դաշինքի ստեղծման՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է եվրոպական բանակի ստեղծման անհրաժեշտության մասին։ ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ սեփական պաշտպանական միությունը հատկապես արդիական է Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրսբերումից հետո: Ենթադրվում է, որ այն պետք է առաքելությունը կատարի առանց ԱՄՆ-ի մասնակցության, հայտնում է eadaily-ն։
Կանբերայի, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև պաշտպանական և անվտանգության նոր գործընկերությունն, ըստ վերլուծաբանների, սպառնում է բարդացնել հատկապես ֆրանս-ամերիկյան հարաբերությունները: Այդ գործարքի արդյունքում խզվեց Ֆրանսիայի և Ավստրալիայի միջև կնքված՝ սուզանավերի մատակարարման պայմանագիրը, և Ֆրանսիայի փոխարեն այժմ Ավստրալիային միջուկային սուզանավեր կմատակարարի Միացյալ Նահանգները:
Փարիզն արդեն դիմել է առաջին պատասխան քայլին՝ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ նշել ծովային պայքարի տարեդարձը: Փոխարենը տոնակատարություններին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան պաշտոնյան ժամանակից շուտ վերադարձել է Փարիզ:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն էլ Vzglyad.ru-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ նոր ռազմական դաշինքի շուրջ հակասության արդյունքում Ֆրանսիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ չցանկանալով ենթարկվել ԱՄՆ ճնշումներին Չինաստանի հետ հարաբերությունների հարցում:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է մնալ դաշինքի մեծ քննադատը, քանի որ կարծում է, որ դաշինքը պետք է պաշտպանի Եվրոպան, այլ ոչ թե լուծի ԱՄՆ-ի արտաքին քաղաքական խնդիրները»,- եզրափակել է Ռարը: